Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Նազիկ Ավդալյանն այսօր հանդիպեցին լրագրողներին ու խոսեցին ձեռք բերված հաղթանակի մասին:
Հռիփսիմե Խուրշուդյանի խոսքով՝ նման կարգի մրցումներում միշտ էլ դժվարություններ են լինում, և ցանկացած հաղթանակ հեշտ չի տրվում:
Նույն կարծիքի էր նաև Նազիկ Ավդալյանը.
«Վնասվածքից հետո՝ մտածում էի, թե արդյոք կկարողանա՞մ կրկնել երիտասարդ տարիների արդյունքները: Փաստորեն, ստացվեց: Սակայն, պետք է նշեմ, որ դժվար են ֆիզիկական դժվարությունները, ընտանիքից հեռու լինելը, երեխայի կարոտը…»,-ասաց Նազիկ Ավդալյանը:
Ինչ վերաբերում է հաղթնակն Արցախի մերօրյա հերոսներին նվիրելուն, ամուսնու՝ առաջին գծում լինելուն՝ Նազիկ Ավդալյանը նկատեց.
«Մենք, կարելի է ասել, նրանցով ենք ապրում, շատ ենք մտածում նրանց մասին: Այն, որ կարողացանք Եվրոպայում հանդես գալ ու հիմա էլ շարունակում ենք պարապել, դա հայ զինվորի շնորհիվ է:
Իսկ ամուսնուս՝ առաջնագծում լինելու մասին իմացել եմ մրցումներից հետո: Ես չգիտեմ՝ կկարողանայի՞ մարզումներս նորմալ շարունակել, եթե իմանայի այդ մասին: Ամեն դեպքում, նա իր պարտքն է կատարել՝ կանգնելով մյուս տղաների կողքին, ու ես հաստատ նրան հետ չէի պահելու»:
Անդրադառնալով սպասվող Օլիմպիական խաղերին՝ մարզիկները նշեցին, որ ոչինչ չեն խոստանում, միայն կարող են ասել այն, որ այս կիլոգրամները, որ բարձրացրեցին Եվրոպայի առաջնությանը, քիչ արդյունք է, որպեսզի մեդալի համար պայքարեն, ուստի պետք է աշխատեն բարձրացնել կիլոգրամները:
Նրանց հաղորդմամբ՝ Օլիմպիական խաղերին կմասնակցեն 2 աղջիկ և 5 տղա: Անուններն ավելի ուշ կհրապարակվեն:
Անի Կարապետյան