«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դյուրագրգիռ է անգամ սեփական թիմակիցների քննադատության նկատմամբ: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ որոշ ժամանակ առաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հրավիրված քննարկման ժամանակ, տիկին նախարարն իրեն ուղղված բոլոր հարցադրումների համար փորձել է արդարացումներ գտնել: Մեր զրուցակիցը նշեց, որ Ավանեսյանն արել է բան, որ տպավորություն ստեղծի, թե ինքն իր կաշվից դուրս է գալիս, անում հնարավորն ու անհնարը, բայց, դե, միայն իրենով ոչինչ չի փոխվի:
«ՔՊ-ականների մեծ մասը կարծում է, որ եթե սեփական գերատեսչությունը նորմալ չի աշխատում, նախարարության վարչություններն ու գերատեսչությունները մեկը մյուսից անտեղյակ են, իրար չեն փոխլրացնում, ապա այդտեղ ոչ ոք մեղավոր չէ,- փոխանցեց «Ժողովուրդ» օրաթերթի իշխանամերձ աղբյուրը՝ շարունակելով։- Ի՞նչ է նշանակում Առողջապահության նախարարության այն հայտարարությունը, թե կորոնավիրուսի տարածման տեմպերը հուշում են, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Դա ոչ այլ ինչ է, քան խոստովանություն, որ վերահսկող մարմնի՝ նախարարության՝ գործառույթները թերի կատարելու հետեւանքով իրավիճակը կարող է անվերահսկելի դառնալ»: Վերոնշյալ հանդիպման ժամանակ է Փաշինյանը հայտարարել, որ որեւէ դեպքում ընդհանուր «լոքդաուն»-ի չի գնալու երկիրը: Հասկացրել է՝ դրա համար կան կոնկրետ պատասխանատուներ, որոնց թերի աշխատանքի հետեւանքով է, որ այսօր նման պատկեր ունենք:
Եւ այս պատկերին զուգահեռ Անահիտ Ավանեսյանն իր՝ մարզային գործուղումներն ուղղաթիռով՝ Սանավիացիայով է իրականացրել: Համեմատության համար նշենք, որ Ղազախստանի առողջապահության նախարարը ընդամենը ամիսներ առաջ պաշտոնանկ է արվել Սանավիացիայի օդանավից օգտվելու համար եւ այժմ մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Նույն սցենարը Հայաստանի պարագայում իհարկե չի գործի, քանզի իշխանությունը կադրային լուրջ խնդիր ունի:
Կամ էլ Ավանեսյանը կարող է ազատվել պաշտոնից, սպասել, ու որոշ ժամանակ անց գործող իշխանությունը նրան նորից նույն պաշտոնին կնշանակի՝ ճիշտեւճիշտ նույն սցենարով, ինչպես եղավ ՀՀ Զու ԳՇ նախկին ու ներկա պետ Արտակ Դավթյանի պարագայում: Նա, հիշեցնենք, «ժանտախտի օրերին» որդուն հարսանիք անելով, օրենք էր խախտել ու այդ հիմքով ազատվել պաշտոնից, բայց պատերազմից անմիջապես հետո հետողորմյա անելով՝ ԳՇ պետի աթոռը Նիկոլ Փաշինյանը նորից Դավթյանին էր «նվիրել»: