«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Վահան Քերոբյանի պես իրեն ցանկանում է փորձել տարբեր ոլորտներում: Ասվածի վառ ապացույցն այն է, որ առողջապահության նախարարը գրեթե ամենուր է եւ, հատկապես, այնտեղ, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Երեկ Անահիտ Ավանեսյանը վարչապետի հետ Երեւանում մասնակցում էր Ժողովրդավարության հայկական ֆորումին եւ նստած էր հենց առաջին շարքում: Իհարկե, կարեւոր ֆորում էր կազմակերպված Հայաստանում, սակայն հարց է առաջանում՝ ինչ կապ ունի առողջապահության նախարարը ժողովրդավարության հետ:
Մայիսի 28-ին էլ Անահիտ Ավանեսյանը մասնակցում էր «Վարչապետի գավաթ» մրցաշարին եւ կրկին առաջին շարքում էր կանգնած: Ստացվում է՝ կա՛մ նա էլ է գնում Վահան Քերոբյանի ճանապարհով եւ իրեն ցանկանում է փորձել տարբեր ոլորտներում, կա՛մ էլ սա հենց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն է, որ փորձում է կին պաշտոնյաներին իր հետ տանել եւ Եվրոպայի աչքերում լավ տպավորություն թողել։
Ամեն դեպքում, ճիշտ կլինի, որ Անահիտ Ավանեսյանը զբաղվի իր ղեկավարած ոլորտով, որպեսզի ծանոթով բժշկությունը փոխարինվի ինստիտուցիոնալ բժշկությամբ, որտեղ աղքատները չվճարեն հարուստների փոխարեն, ինչպես այսօր է»: