Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տնտեսության մեջ պետք է փող ներարկվի, մեծ հաշվով ոչինչ է, երբ այս կամ այն միլիոնատիրոջ ունեցվածքն ավելանում է ևս միքանի միլիոն դոլարով, հաստատ նա արդեն վաղուց դրսում բիզնեսներ է դրել, իսկ Հայաստանում իր աշխատակիցներին տալիս է չնչին չափերի աշխատավարձ: Այսինքն՝ այս մարդու փող ունենալ չունենալը ոչինչ է: Երկրի ներսում գումար ծախսողները միջին ու աղքատ խավն է, նրանք են ամեն օր խանութ մտնում, մի քիչ եկամուտ թողնում խանութի տիրոջը, առաքիչին ու աշխատողին, նրանք են գնում հանգստանալու հայկական ինչ-որ հանգստավայր, այլ ոչ թե հարուստները, նրանց հին մեքենաներն են հաճախ գնում արհեստավորի մոտ և այսպես շարունակ: Այսինքն՝ պետք է ժամանակ առ ժամանակ այս մարդկանց բանկային քարտերի վրա կողմնակի ինչ-որ գումար նստի, տարեկան գոնե 3-4 անգամ: Ինձ թվում է, որ սոցիալական արդարությունը վերականգնելու համար պետք է հենց այս տարի 13-րդ թոշակ ստանան բոլոր թոշակառուները, չէ որ պետական ապարատը ստանում է մեծ պարգևավճարներ, որոնք նույնիսկ միլիոնների են հասնում, իսկ օրինակ՝ երկու միլիոն դրամ մեկ մարդու տալու փոխարեն կարելի է 40 թոշակառուի տալ 13-րդ թոշակ: Սա կբերի ոչ միայն մարդկանց տրամադրության բարձրացման, այլևս լուրջ խթան կհանդիսանա տնտեսության համար: 50000 դրամով Շվեյցարիա չես թռնի, այդ գումարն ամենայն հավանականության կծախսես քո թաղի խանութում՝ նպաստելով շրջանառության աճին: Համաձայնեք, որ անարդար է, երբ տարեվերջյան պարգևատրումները չեն վերաբերում թոշակառուներին ու ցածր աշխատավարձով ապրողներին, պետք է մտածել այս մասին ու իրական քայլ կատարել տնտեսության աշխուժացման ուղղությամբ: Ի դեպ՝ ԱՄՆ-ում նման փորձ եղել է, կարծեմ Օբամայի կառավարման ժամանակ ու տվել է լավ արդյունք»:


