«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` հուլիսի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի բակում: Մի խումբ անչափահասներ լուրջ վիճաբանություն են ունեցել:
Բնակիչների պատմելով՝ նրանցից մեկը, որի անունն Էդգար է, մի տղայի հետ ծեծի է ենթարկել անչափահաս մեկ այլ տղայի, եւ անգամ բանը հասել է նրան, որ Էդգարն ու իր ընկերները, չբավարարվելով բռունցքներով անչափահաս տղային ծեծի ենթարկելով, սկսել են քարերով հարվածել նրան: Փողոցում մեծ աղմուկ է բարձրացել, եւ անչափահասների վեճին փորձել են միջամտել բակում հավաքված բնակիչները:
«Ժողովուրդ»-ը փորձեց բնակիչներից պարզել, թե ինչն է եղել անչափահասների վեճի պատճառը, սակայն բնակիչները դժվարացան պատասխանել` պատճառաբանելով, թե այդպիսի վեճերը դեռահասներին հատուկ բան են: Մեր տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության հետ կապերի եւ լրատվության վարչությունից՝ նշելով, որ պարզվել է, թե ովքեր են անչափահաս տղային ծեծի ենթարկողները. 2000թ. ծնված Էդգարը եւ 1998թ. ծնված Ս.-ն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նոր Նորքի բաժնում կատարվում է քննություն:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում