▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրիաս Ղուկասյանն առաջարկում է, որ Շառլ Ազնավուրը երեք ամսով գլխավորի Հայաստանը

Քրեա-օլիգարխիկ ռեժիմից ազատվելու համար մեր հանրությունը պետք է ունենա հետեւյալ չորս հարցերի հստակ պատասխանը: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ, կալանավորված եւ մեկ ամիս հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը:

Նա հայտարարությունում, մասնավորապես, ասել է.

«Առաջին. Իսկապես հիմա անհրաժեշտ են արտահերթ նախագահական ընտրություններ: Բոլորին պարզ է, որ Ռուսաստանն Արցախի անվտանգությունն ապահովելու գործում ոչ միայն չի աջակցում Հայաստանին, այլեւ հակառակը` խախտելով մեր պետության հանդեպ ՀԱՊԿ կանոնադրության գլխավոր դրույթները եւ միջազգային հարաբերությունների տարրական կանոնները, աջակցում է Ադրբեջանին: Ակնհայտ է նաեւ, որ միջազգային ատյաններում սպասարկելով Ռուսաստանի շահերը` Հայաստանն աստիճանաբար զրկվում է քաղաքակիրթ պետությունների աջակցությունից եւ հայտնվում է մեկուսացման մեջ: Շարունակել նման արտաքին քաղաքականությունը` նշանակում է գիտակցաբար գնալ Ադրբեջանի առջեւ կապիտուլյացիայի, Արցախի ինքնիշխանության կորստին ու հայաթափմանը: Արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելը վերջին հնարավորություն է շտկելու արտաքին քաղաքականությունը եւ դուրս գալու ստեղծված փակուղուց: Այդ ընտրությունները հանդիսանալով ժողովրդի ճշգրիտ քաղաքական արձագանքը քառօրյա պատերազմում բացահայտված անվտանգության համակարգի բացթողումներին, անկասկած, կապահովեն երկրի համար զարգացման նոր քաղաքակրթական ուղղություն:

Երկրորդ. Ինչո՞ւ է անհրաժեշտ ժողովրդի վստահության կառավարությունը: Արտահերթ ընտրությունները ոչնչով չեն տարբերվի հերթական շինծու ընտրություններից, եթե պետական վարչական ռեսուրսները շարունակեն մնալ ՀՀԿ-ի վերնախավի ձեռքում: Ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված եռամսյա ժամկետում  ընտրական ողջ գործընթացը եւ վարչական ռեսուրսը դնել այնպիսի կառավարության հսկողության տակ, որի անաչառության նկատմամբ հանրությունը չունի կասկածներ: Սա կարեւոր պայման է Հայաստանում լեգիտիմ իշխանություն ձեւավորելու համար: Այս եղանակով խնդիրը մեկ անգամ լուծելով` մենք կարող ենք մեր պետության առջեւ բացել իսկական ժողովրդավարության ճանապարհը:

Երրորդ. Ո՞վ կարող է գլխավորել այդ կառավարությունը: Մենք ունենք  մի այնպիսի հանրահայտ անձնավորություն, ով անհերքելի հեղինակություն է Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Նա Շառլ Ազնավուրն է, ով Հայաստանի համար ծանր օրերին  եղել է մեր ժողովրդի կողքին եւ անշահախնդիր օգնություն ցուցաբերել: Ազնավուրը կարող է գլխավորել մեր պետությունն արտահերթ ընտրությունների անցկացման փուլում, որովհետեւ վեր է կանգնած հայաստանյան ներքին քաղաքական պայքարից, ունի մեծ միջազգային աջակցություն ազատ եւ արդար ընտրությունների խնդիրը լուծելու համար: Չեմ բացառում, որ կարող են լինել նաեւ այլ արժանի թեկնածուներ, բայց տվյալ դեպքում, գտնում եմ, որ Շառլ Ազնավուրի ներգրավումը լավագույն տարբերակն է Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու համար:

Չորորդ. Ինչպե՞ս հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանը եւ վարչախումբն ընդունեն քաղաքացիական շարժման պահանջները: Դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ առկա կլինեն առնվազն երեք քաղաքական պայմաններ.

1) Բաղրամյան պողոտան պետք է հասանելի դառնա խաղաղ երթերի ու հավաքների համար, քաղաքացիական շարժումը պետք է վերացնի Ազգային ժողովի եւ Նախագահական նստավայրի մոտ երթեր ու հավաքներ անցկացնելու` գոյություն ունեցող արգելքը:

2) Ժողովրդի վստահության կառավարության ղեկավարի թեկնածուն պետք է արժանանա հանրության լայն աջակցությանը:

3) Հնարավորինս շատ կուսակցություններ պետք է միանան արտահերթ ընտրությունների անցկացման պահանջին:

Կարեւոր եմ համարել հանրության հետ կիսվել այս մտքերով, որովհետեւ ժամանակն իրոք սուղ է, իսկ քաղաքացիական շարժման արդյունավետությունից, առանց չափազանցնելու, այսօր կախված է մեր հայրենիքի ճակատագիրը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее