Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է և միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը։ Այդ մասին Արցախումլրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Վանեցյանի խոսքով՝ այդ փաստաթղթերը հիմնականում վերաբերում են Մարտի 1-ի գործին:
«Փաստաթղթերի անհետացման հետ կապված իրականացվել է ծառայողական քննություն Ազգային անվտանգության ծառայությունում, փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է եւ փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) և միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը»,- ասաց նա։
Ազգային անվտանգության տնօրենը նշեց նաև, որ ծանոթ չէ 2014թ-ին կազմված գաղտնի փաստաթղթի բովանդակությանը, որի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր իր արձակուրդի վերջին օրը։
«Ես ծանոթ չեմ այդ փաստաթղթերի բովանդակությանը, պետք է ծանոթանամ: Եթե կլինեն այդ փաստաթղթերում առկա նյութեր, որոնք կպարունակեն հանցակազմ, իհարկե կլինի հետևանք, եթե ոչ, ուրեմն, ոչ»,- ասաց Վանեցյանը:

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել էր գաղտնի զեկույցի մասին և նշել, որ այսօր Հայաստանում չկան ինստիտուտներ, որոնք կլուծեն մարդկանց խնդիրները:
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ նախորդ իշխանությունների հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից փաստաթղթեր են ոչնչացվել, որոնք հիմնականում վերաբերել են «Մարտի 1»-ին և ընդգրկել փաստերի ու անձանց լայն շրջանակ։ Այդ փաստաթղթերն անհետացել են մեկ տարի առաջ։


