▲ Դեպի վեր

Суббота, 15.03.2025 lang.iso lang.iso lang.iso

ԱՆԻՖ-ի Մոսկվայի մասնաճյուղը 5 տարում 6,9 մլն դոլար է ստացել. «ձախողում ու խայտառակությու՞ն», թե՞ «ռեյդերային զավթում»

Հետքը գրում է․ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է իբրեւ ԱՆԻՖ) մոսկովյան ներկայացուցչությունը 2020-2024 թթ. ընթացքում 2,7 մլրդ դրամի հատկացում է ստացել ԱՆԻՖ-ից, սակայն վերջինիս ներկա ղեկավարությունը չունի որեւէ տվյալ մասնաճյուղի կողմից իրականացված ծրագրերի մասին: ԱՆԻՖ-ում տեղյակ են միայն մի ծրագրից, որն անավարտ է մնացել:

Ներկա փոխարժեքով 2,7 մլրդ դրամը հավասար է 6,9 մլն դոլարի: Հարց է ծագում. ինչու՞ է պետական ընկերությունը նման հսկայածավալ միջոցներ ուղղել իր մոսկովյան մասնաճյուղին, որը, ինչպես կարող ենք եզրակացնել ԱՆԻՖ-ի այսօրվա ղեկավարության տրամադրած ինֆորմացիայից, անպիտան կառույց է եղել:

Այդուհանդերձ, ԱՆԻՖ-ի նախկին փոխտնօրեն, ինչպես նաեւ Մոսկվայի ներկայացուցչության ղեկավար Սերգեյ Գրիգորյանը պնդում է, որ պետական ընկերության ներկա ղեկավարության տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ մասնաճյուղը տարբեր ծրագրերում էր ներգրավված ու արդյունք է ցույց տվել: Նա նաեւ նշում է, որ ԱՆԻՖ-ը «ռեյդերային զավթման» արդյունքում քանդել են «ոչ պրոֆեսիոնալ եւ ոչ կոմպետենտ» անձինք:

Նիկոլ Փաշինյանի կառավարության ստեղծած ԱՆԻՖ-ը պետական գրանցում է ստացել 2019-ի մայիսին: Հիմնադրումից մինչեւ 2023-ի նոյեմբեր դրա տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր, որը 2018-2021 թթ. նաեւ ՀՀ փոխվարչապետն էր, իսկ 2022-2023 թթ.՝ Երեւանի փոխքաղաքապետը:

Ավինյանի օրոք՝ 2019-2024 թթ., ԱՆԻՖ-ի գործադիր տնօրենը եղել է Դավիթ Փափազյանը, որը պաշտոնից ազատվել է 2024-ի հունվարին տնօրենների նոր խորհրդի կողմից:

Ընկերության ստեղծումից ընդամենը 5 տարի անց՝ 2024 թ. գարնանը, Փաշինյանի կառավարությունը որոշեց ԱՆԻՖ-ի գործունեության դադարեցման գործընթաց սկսել: Այսօր ԱՆԻՖ-ը դեռ կա, գործում է, բայց դրա անփառունակ վախճանը սարերի հետեւում չէ:

2024-ի օգոստոսին գործադիրը որոշել է, որ մի քանի բաժնետիրական ընկերություններում ԱՆԻՖ-ի ունեցած բաժնետոմսերն ու հողամասերը որպես նվիրատվություն ընդունելուց հետո այն պետք է լուծարել:

Ընկերությունում այս պահին ընդամենը 3 հոգի է աշխատում՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ավագ հաշվապահն ու իրավախորհրդատուն, որին 2024-ի դեկտեմբերին աշխատանքի են ընդունել կոնկրետ նպատակով՝ նախկին տնօրեն Փափազյանի հետ դատական վեճի շրջանակներում վերաքննիչ բողոք ներկայացնելու եւ ԱՆԻՖ-ի շահերը պաշտպանելու համար:

Հիշեցնենք, որ Դ. Փափազյանը դատարանում վիճարկել էր 2024 թ. հունվարին ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի կողմից իրեն պաշտոնից ազատելու մասին որոշումը, եւ առաջին ատյանի դատարանում նույն տարվա աշնանը հաղթել էր, սակայն ընկերությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Չմոռանանք նաեւ, որ ԱՆԻՖ-ը հայտնվել է կոռուպցիոն սկանդալի մեջ: Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի առանցքում ծառայողական լիազորությունները չարաշահելու եւ վստահված գույքը հափշտակելու հոդվածներն են. նշվածները համարվում են կոռուպցիոն հանցագործություններ:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее