Աննախադեպ ազգ ենք. գրեթե ամեն առումով: Աննախադեպ ենք նաեւ ֆուտբոլում: Աննախադեպ ենք նրանով, որ չգրանցելով որեւէ լուրջ արդյունք, որեւէ լուրջ հաջողություն, միայն կուրծք ենք ծեծում, թե ուժեղ ենք ֆուտբոլով: Մեզ համար ամենամեծ դժբախտությունը՝ զուտ ֆուտբոլային տեսանկյունից, կայանում է նրանում, որ մշտապես փորձում ենք զուգահեռներ անցկացնել մեր եւ Ադրբեջանի, մեր եւ Վրաստանի, մեր եւ Ղազախստանի, իսկ երբեմն էլ՝ մեր եւ ֆուտբոլային չափանիշներով գաճաճ պետությունների հետ: Չեմ ասում, թե մեր ֆուտբոլի մակարդակը թույլ է տալիս համեմատվել համաշխարհային ֆուտբոլի գերտերությունների հետ, բայց նաեւ չեմ կարող չհամաձայնել, որ միայն ուժեղագույնի հետ մրցակցելով ես ունակ ուժեղանալու եւ կատարելագործվելու: Թե՛ ֆուտբոլասերների, թե՛ մարզական լրատվամիջոցների եւ թե՛, ինչու չէ, որոշ մասնագետների համար ֆուտբոլային հաջողության չափանիշ են դարձել ադրբեջանական ակումբների եւ այդ երկրի հավաքականի ցուցադրած արդյունքների հետ համեմատվելը: Այդ սկզբունքով եւ նման կերպ շարունակելով, մենք չենք կարող ունենալ ուժեղ ֆուտբոլ, մենք այդպես էլ չենք կարողանա մեր կայուն եւ պատվաբեր տեղն ունենալ համաշխարհային ֆուտբոլային ընտանիքում: Բայց, այս ամենը նշելով հանդերձ, պետք է ընդգծեմ, որ մեր ֆուտբոլային անհաջողությունները խորը արմատներ ունեն: Տարբեր տարիներին ունենալով անհատապես հրաշալի ֆուբտոլիստներից կազմված հավաքականներ, այդպես էլ չենք կարողացել լիարժեք ուրախանալ, լիարժեք զգալ եւ լիարժեք տոնել մեծ հաղթանակները: Շատերը նշում են, որ մարզչի դերն այնքան էլ մեծ չէ, եթե ձեռքի տակ չկան համապասխան կատարողներ: Թույլ տվեք չհամաձայնել: Չեմ փորձի օրինակներ բերել, երբ չունենալով բարձրակարգ ֆուտբոլիստներ, մարզիչներին հաջողվել է ստեղծել ուժեղ կոլեկտիվ, որն ի զորու է եղել լուրջ մրցակցության մեջ մտնել ուժեղագույնների հետ: Նման օրինակներ մեզնից յուրաքանչյուրն էլ կարող է բերել: Որպես փոքրիկ օրինակ, կնշեմ միայն ռուսական Դոնի-Ռոստով քաղաքի՝ բավական համեստ, Ռոստով ակումբի անունը: Եթե 90-ական թվականներին մեր ազգային ընտրանու անհաջողությունները կապում էին միջազգային անհրաժեշտ փորձի պակասի հետ, ապա նույնը չեմ կարող ասել ներկայի մասին: Բայց նաեւ չեմ համաձայնի տեսակետի հետ, թե 90-ականների մեր հավաքականների ձախողման միակ պատճառը եղել է անհրաժեշտ փորձի պակասը: Անձնապես որեւէ խնդիր, որեւէ դժգոհություն, որեւէ տարաձայնություն չեմ ունեցել եւ չունեմ մեր ազգային հավաքականի բոլոր մարզիչների հետ, ում հետ շփվել եմ ճանաչել եմ: Բայց վստահ պետք է նշեմ, որ մեզ մոտ միակ խնդիրը եղել է հենց բարձրակարգ մարզչի պակասը: Շատերը խոսում են այն մասին, որ նման բարձրակարգ մարզիչ ունեցել ենք՝ ի դեմ երջանկահիշատակ Յան Պորտերֆիլիդի: Համաձայն եմ, որ Պորտերֆիլդի օրոք մեր թիմը ֆուտբոլ էր խաղում: Իսկ ուշադիր եղե՞լ եք, արդյոք, թե ինչի հաշվին էին խաղում տղաները: Ես մշտապես ասել եմ եւ միշտ կկրկնեմ, որ լավ մարզիչն, առաջին հերթին, պետք է լավ հոգեբան լինի: Պորտերֆիլդյան հաջողությունները կապված են բացառապես այն հանգամանքի հետ, որ այդ մասնագետն ուներ անհրաժեշտ այդ որակը՝ թիմին հոգեբանորեն ճիշտ նախապատրաստելու: Ընդունված է համարել, որ ֆուտբոլում գոյություն ունեն պատրաստականությունների մի քանի տեսակներ. ֆիզիկական, տակտիկական, տեխնիկակական եւ հոգեբանական: Շատերը հոգեբանականը մղում են հետին պլան՝ նախապատվությունը տալով ֆիզիկականին՝ կարծելով, որ առանց ֆիզիկական պատրաստականության, մյուս բոլոր առումներն առոչինչ են: Բայց ֆուտբոլիստը, եթե չունեցավ անհրաժեշտ հոգեբանական պատրաստականությունը, ապա ինքնաբերաբար զրոյանում են մյուս բաղադրիչները. ֆուտբոլիստն արդյունավետ չի կարողանում օգտագործել ֆիզիկականը, տեխնիկականը, տակտիկականը: Այս տեսանկյունից Պորտերֆիլդին հաջողվել էր ամուր հիմքերի վրա դնել հավաքականը: Մինչեւ Պորտերֆիլդի ժամակաները, մենք ունեինք փայլուն սերունդ, հրաշալի ֆուտբոլիստներ... Ռոման Բերեզովսկի, Արմեն Շահգելդյան, Համլետ Մխիթարյան, Հարություն Վարդանյան, Արթուր Պետրոսյան, Սարգիս Հովսեփյան, Սարգիս Հովհաննիսյան, Ալբերտ Սարգսյան...Շարքը կարող եք շարունակել ինքներդ՝ վստահ եմ: Եթե այս ֆուտբոլիստներին ղեկավարեր ճիշտ մարզիչ, ապա վստահ կարող եմ ասել, որ այդ սերունդը նույնպես կարող էր փայլել: Նույնը նաեւ հաջորդ սերունդների մասին կարելի է ասել: Էդուարդ Մարկարով, Սամվել Դարբինյան, Խորեն Հովհաննիսյան, Սուրեն Բարսեղյան, Վարուժան Սուքիասյան...անձինք են, ովքեր լուրջ ներդրում ունեցել են մեր ֆուտբոլում, որը նաեւ խորհրդայինն էր: Այս ֆուտբոլիստների խաղով հիացել են տարբեր սերունդներ: Բայց, մարզչական կամրջակի վրա կատարվող աշխատանքը միանգամայն այլ է: Միգուցե չհամաձայնեք, բայց մեր հավաքականը իսկապես գեղեցիկ ու դիտարժան ֆուտբոլ խաղացել է ռումինացի մասնագետ Միխայ Ստոյկիցայի օրոք: Արդյունքներ չկային, բայց գեղեցիկ ֆուտբոլը, ՖՈՒՏԲՈԼԻՆ ՆՄԱՆ ՖՈՒՏԲՈԼԸ կար: Քիչ թե շատ գեղեցիկ ֆուտբոլ կար նաեւ Վարդան Միասյանի օրոք, բայց վստահ եմ, որ ցուցադրած գեղեցիկ եւ արդյունավետ խաղի հիմքում՝ 90%-ով, ընկած էր այն պարզ հանգամանքը, որ մեր ընտրանու առաջատար ֆուտբոլիստներն իրենց ակումբներում ստանում էին բավարար խաղաժամանակ եւ գտնվում էին հրաշալի մարզավիճակում: Որպես մարզիչ՝ իրենց մարզչական ճիշտ ձեռագրով, ոչ ոք աչքի չեն ընկել: Մեր ֆուտբոլի անհասկանալի կողմերից մեկն էլ այն է, որ հրաժարվում ենք ֆուտբոլիստներից, ովքեր կարող էին ու կարող են իսկապես ուժեղացնել մեր ընտրանին: Արարատ Առաքելյանին ես համարում եմ մեր ֆուտբոլի ուժեղագույն պաշտպաններից մեկը: Բայց միայն Մակեդոնիայի հետ խաղում նրա սխալը, որը, վստահեցնում եմ, խաղային եւ հոգեբանական լարվածության պարագայում հատուկ է բոլոր ֆուտբոլիստներին՝ առանց բացառության, Առաքելյանին դուրս թողեց հավաքականից... դուրս չթողեց, դուրս թողեցին: Գրեթե նույն պատկերն էր նաեւ Վալերի Ալեքսանյանի դեպքում՝ Իռլանդիայի հետ խաղից հետո: Անհասկանալի էին այն մեծաթիվ ֆուտբոլիստներին հավաքական հրավիրելով, քաղաքացիություն տալով, միեւնույն ժամանակ նաեւ "կոտրելու" բազմաթիվ դեպքերը: Մինչեւ այժմ չեմ կարողանում հասկանալ, թե ո՞ր սխալի, կամ ինչի՞ համար հավաքականից դուրս թողեցին Արտակ Դաշյանին... Օրինակները բազմաթիվ են: Ֆուտբոլային նորմալ երկրներում շատ են դեպքերը, երբ հավաքականի դռները շարունակում են բաց մնալ նույնիսկ միջազգային սկանդալների կենտրոնում հայտնված ֆուտբոլիստների համար... քանի որ տվյալ երկրների ֆուտբոլային գերատեսչությունները եւ մարզիչներն ունեն ամենաճիշտ որոշումը - առաջնորդվել բացառապես հավաքականի եւ ազգային ֆուտբոլի շահերով: Աննախադեպ ենք... Բայց հույս ունեմ, որ կգա ժամանակ, երբ ամեն բան կփոխվի ճիշտ ուղղությամբ, եւ բոլոր արժանիները կունենան իրենց արժանի եւ վաստակած տեղը: Մենք սիրում ենք մեր ֆուտբոլը եւ մեր հավաքականը!
Աննախադեպ ազգ ենք, աննախադեպ ենք նաեւ ֆուտբոլում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet