Օրեր առաջ Asekose.am-ը տեղեկացրել էր , որ «Անպոչ ճգնավորը» ֆիլմի պրոդյուսեր, Օշին Եզիազարեանցը հանել է ֆիլմի ցուցադրումը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում:
Ըստ մեր տեղեկությունների, պատճառը եղել է փառատոնի կազմակերպչական կողմի թյուրիմացությունը ու փառատոնի մասին ծանուցող գրքույկներում և բուկլետներում տեղ գտած սխալները` կապված ֆիլմի հետ:
Բայց այսօր Asekose.am-ը տեղեկացել է, որ երեկ ֆիլմի աշխատանքային տարբերակը ցուցադրվել է Հենրիկ Մալյանի անվան թատրոնում: Ինչպես տեղեկացանք թատրոնից` ցուցադրությունն իրականացել է նեղ շրջանակներում, ռեժիսոր Խաչիկ Չալիկյանի նախաձեռնությամբ` համաձայնեցնելով«Ոսկե Ծիրան» կազմակերպիչների հետ :
Ֆիլմի պրոդյուսերն էլ իր հերթին մեզ տեղեկացրեց, որ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ցուցադրումից հրաժարվելուց հետո, փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանից զանգեր է ստացել. վերջինս հորդորել է թույլ տալ ցուցադրությունը` որտեղ, երբ և որ ժամին ցանկանա պրոդյուսերը: Սակայն Օշին Եղիազարեանցը հրաժարվել է, և խոստացել, որ եկող տարի փառատոնի շրջանակներում ֆիլմը անպայման կցուցադրվի:
Asekose.am-ը կապ հաստատեց փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի հետ, ով սակայն նշեց, որ զբաղվածության պատճառով տեղյակ չի եղել Մալյան թատրոնում ցուցադրությունը տեղի ունեցել է, թե ոչ, չգիտի:
«Ոսկե Ծիրան»ի գրասենյակին հարցում արեցին, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ նեղ շրջանակներում ցուցադրությունը համաձայնեցված է եղել:
Օշին Եղիազարեանցը երևույթը համարում է հեղինակային իրավունքների էժանագին ոտնահարում:
Հայաստանում հեղինակային իրավունքների, մշակույթի և կինոարվեստում տիրող անհաճո երևույթների մասին Ֆրանսահայ պրոդյուսերի դիտարկումները, վերոհիշյալ դեպքերից առաջ, Asekose.am-ի հարցազրույցում`վաղը:
Հեղինակ` Նանե Բագրատունի