ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով 2016 թվականի ԱՄՆ նախագահի ընտրությունների հավանական թեկնածու է, հայտարարել է, որ եթե Ուկրաինայի նկատմամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններն անպատիժ մնան, ապա ամենայն հավանականությամբ, այլ երկրներ ևս կարող են ենթարկվել ագրեսիայի: Հաղորդում է Associated Press-ը:
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահը փորձում է Եվրոպական երկրների սահմանները փոխել: Եվ նա ձևական պատրվակ ունի ներխուժելու նաև Բալթյան երկրներ:
«Կարծում եմ՝ դուք կտեսնեք շատ այլ երկրներ, որոնք ուղղակիորեն կբախվեն ռուսական ագրեսիային, քանի որ նրանց քաղաքական վերնախավը գնված կլինի և նրանք կվերածվեն վասալների, ոչ թե կմնան ինքնիշխան պետություններ»,- ասել է Քլինթոնը և հավելել.
«Իսկ այն հիմնավորումը, որ բերում է Պուտինը՝ նշելով, որ Ղրիմում ապրում են էթնիկ ռուսներ, կարելի է տարածել նաև Ուկրաինայի, Էստոնիայի, Լիտվայի, Լատվիայի այլ տարածքների վրա»:
Նրա խոսքով՝ Պուտինը փորձում է Եվրպայի սահմանները վերանայել՝ Երկրորդ աշխարհամարտից հետո:
«Հուսանք՝ չի լինի ևս մեկ սառը պատերազմ: Բնական է՝ դա ոչ ոք չի ցանկանում, սակայն դա կախված է նախևառաջ Պուտինից»,- եզրափակել է Քլինթոնը: