«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ներկայությամբ վարչապետին «դավաճան», «հողատու» անվանելու համար հարուցված քրեական գործով միակ մեղադրյալը շարունակում է մնալ ԱԺԲ անդամ, 68 տարեկան Տիգրան Դերմոյանը։
Միջադեպից հետո տարեց տղամարդուն հարցաքննել, մեղադրանք են ներկայացրել հեռախոսը` առգրավել ու մոռացել են գործի մասին։ Մեզ հայտնի դարձավ, որ մեղադրանք առաջադրելուց հետո` Դերմոյանին այլեւս չեն հարցաքննել ու, առհասարակ, քննչական գործողություն չի իրականացվել վերջինիս մասով. իսկ ամենաուշագրավն այն է, որ Դերմոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը լրանում է սեպտեմբերին, ու կա՛մ գործը պետք է դատարան ուղարկեն կա՛մ կարճեն։
Ինչպես հայտնի է` 2024 թվականի ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամները բղավել էին՝ «դավաճան», «հողատու»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր. սակայն մեղադրանք առաջադրվեց միայն Տիգրան Դերմոյանին»: