▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արա ԳԵՎՈՐԳՅԱՆ. «Շատ բան կտայի, միայն թե ՄՈՌԱՆԱՅԻ այն պատկերը, երբ ՄՈՐՍ ՏԵՍԱ ՇԱՏ ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ»

 

Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ   հարցերին պատասխանում է երաժիշտ, երգահան Արա Գևորգյանը:

 

-Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում:

 - Ընդունակությունը շատ արժեքավոր որակ է, որովհետև այն տրվում է Աստծո կողմից, սակայն առանց աշխատասիրության ընդունակությունը կկորի: Ինձ համար հաջողության բանալին հետևյալ սինթեզի մեջ է կայանում. Աստծո շնորհ, կրթություն, աշխատասիրություն, խելք ու մի քիչ էլ բախտ...

 Կա՞ այնպիսի մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:

 - Ես լավատես մարդ եմ ու բոլորի հետ կիսվում եմ իմ կյանքի նշանաբանով: Երբ մարդիկ նեղսրտում են դժվարություններից ու անհաջողություններից, ես նրանց ասում եմ` թեթև տարեք… Իրականում մեր կյանքի դժվարությունները ունեն իրենց հաղթահարման ձևերը, պետք է միայն լավատես լինել, կենտրոնանալ ու գտնել այդ ձևերը:

 Ձեր բնավորության գծերից  ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:

 - Թշնամուս կնվիրեի իմ բոլոր լավ գծերը. նա կդառնար ավելի լավը, ձեռք կբերեր դրական որակներ ու կդադարեր ինձ համար թշնամի լինել: Կարծում եմ` սա թշնամիներից ազատվելու հրաշալի տարբերակ կլիներ:

  -Ինչպե՞ս եք վերաբերվում այն մտքին, որ մարդիկ իրականում պատրաստ են վաճառել ամեն ինչ, միայն թե առաջարկվող գինը իրենց գոհացնի:

- Ես չեմ ուզում հավատալ, որ դա այդպես է: Ինչպե՞ս կարելի է վաճառել պատիվը, ինչպե՞ս կարելի է  վաճառել հայրենիքը, ծնողին կամ երեխային: Անգամ եթե տանը շուն ես պահում, կապվում ես այդ կենդանու հետ, հետո ինչպե՞ս կարող ես վաճառել նրան: Ես մտածել անգամ չեմ ցանկանում, որ դա հնարավոր է:

 Ի՞նչ է Ձեզ համար փողը:

 - Փողը լավ է, եթե կա, սակայն ինձ համար մեծ կարևորություն այն չունի:  Շատ լինի փողը, թե քիչ, այն միևնույն է չի հերիքելու: Ագահ մարդուն էլ փողը չի հերիքելու, որովհետև միշտ դժգոհելու է, թե քիչ է, առատաձեռն մարդում էլ այն չի հերիքելու, որովհետև բաժանելու է, լավություն է անելու շրջապատողներին, ու էլի փողը քչություն է անելու: Այնպես որ,  փողը պետք է ընկալել զուտ որպես միջոց և ոչ որպես կյանքի նպատակ:

 -Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագին վճարել մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:

 - Դժվար չի կռահել. ես իմ կյանքը կզոհեմ իմ երկու զավակներից յուրաքանչյուրի համար ու նաև հանուն իմ կնոջ, որպեսզի իմ երեխաները միշտ մայր ունենան: Իմաստուն է ժողովրդական խոսքը` երեխան մորը կորցնելով է որբ մնում: Ես կցանկանամ  երեխաներիս տեսնել ողջ-առողջ, և որ իրենց կողքին միշտ մայր լինի:  

 -  Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:

 -  Ես միշտ շատ հարգել եմ հորս ու քաշվել եմ նրանից: Երևի մանկության տարիներին ես ամենից շատ վախեցել եմ իմ սխալ արարքով հորս հիասթափեցնել, կամ արժանանալ նրա զայրույթին:

 Եթե կարողանայիք ձեր ուղեղից անվերադարձ ջնջել մեկ հիշողություն, ո՞րը դա կլիներ:

 -  53 տարեկանում ավտովթարից մահացավ մայրս` Վալյա Սամվելյանը: Ես շատ բան կտայի, միայն թե իմ հիշողությունից ջնջվեր այն պատկերը, երբ ես նրան տեսա հիվանդանոցում պառկած` շատ ծանր վիճակում: Ես հաճախ լսում եմ նրա երգերը, դիտում եմ համերգային տեսագրությունները, և դա օգնում է ինձ հիշողությանս մեջ վառ պահել նրան կերպարը` բեմի վրա, գեղեցիկ, տաղանդավոր ու երջանիկ…

 Դեպք, որը չէիք ցանկանա ջնջվեր չէր Ձեր հիշողությունից:

  Այդպիսի դեպքերը անհամար են: Ես մեծացել եմ երաժիշտների ընտանիքում` ստեղծագործ միջավայրում: Մանկությունից շրջապատված եմ եղել տաղանդավոր ու հետաքրքիր մարդկանցով: Կարող եմ ասել, որ իմ կյանքի յուրաքանչյուր  փուլը` և մանկությունս, և պատանեկությունս, և երիտասարդությունս ու հասուն տարիներս միշտ հագեցած են եղել երջանիկ պահերով: Կարծում եմ` ես ապրել եմ  ու շարունակում եմ ապրել երջանիկ կյանք, ինչի համար շնորհակալ եմ ճակատագրին:

 Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:

 - Բնականաբար, իմ ընտանիքը, հարազատներս, ընկերներս… Ես ընդհանրապես սիրում եմ  ջերմ ու ամուր հարաբերություններ պահպանել այն մարդկանց հետ, ովքեր եղել են ու շարունակում են հանդիսանալ իմ կյանքի մասնիկը: Ես ունեմ ընկերներ, որոնց հետ մտերիմ եմ առաջին դասարանից, մենք միասին մի ամբողջ կյանք ենք անցել, ու նրանցից յուրաքանչյուրի կորուստն ինձ համար մեծ հարված կլինի:

 Մի պահ ենթադրենք, թե  մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:

 - Ես իմ հաջորդ կյանքում էլ կցանկանայի լինել Արա Գևորգյան, զբաղվել նույն գործով, որովհետև վստահ եմ, որ երբ գա այս աշխարհից հեռանալու ժամանակը, ես բազմաթիվ կիսատ թողած գործեր կունենամ: Այնպես որ,  հրաշալի կլիներ, եթե ես ևս մեկ անգամ այս աշխարհ գալու հնարավորություն ունենայի, սակայն մի պայմանով, որ երկրորդ անգամ Արա Գևորգյանը ազատված լիներ ծխելու իր վատ սովորությունից:

 -  Եթե ռեփեր լինեք, Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք:

 -  Ռեփը իսկապես բողոքի ժանր է, և եթե ես ռեփեր լինեի իմ բողոքը կլիներ ոչ թե անձնական այլ հանրային: Ես կբարձրացնեի այնպիսի խնդիրներ, որոնք հուզում են հանրությանը, մարդկանց: Ես այդ կերպ կփորձեի օգտակար լինել ժողովրդիս:

 Ձեր մասին երբևէ  լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:

 - Ինձ խիստ զայրացնում ու վիրավորում է զրպարտանքը: Իմ կյանքում երկու անգամ է այդպիսի դեպք պատահել: Ես դրա արդյունքում երեք ամիս շարունակ կորցրել եմ քունս: Իհարկե, հետո ինձ զրպարտողները երկու անգամն էլ խոստովանել են իրենց սխալը ու ներողություն են խնդրել, այնուամենայնիվ,  նման երևույթները ինձ մեծ ցավ են պատճառում: Իսկ զվարճալի ասեկոսեները առավել հաճախ պտտվում են իմ գլխարկի շուրջ, որի հետ ես երբեք չեմ բաժանվում, ես էլ պատասխանում եմ, որ  չանհանգստանան, մահվան մահճում անպայման հանելու եմ գլխարկս, որ չխանգարի …    

Հեղինակ` Քրիստինե  ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее