▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջարկվում է բարձրացնել դատարան դիմելու պետական տուրքի չափը

««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 5-ի նիստում:

Պետական տուրքը նախկին 1500 դրամի փոխարեն կդառնա 6000 դրամ: Սահմանվել է պետական տուրքի առավելագույն չափ՝ Առաջին ատյանի դատարանում այն կկազմի 25 մլն դրամ, Վերաքննիչ դատարանում՝ 15 մլն դրամ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ:

Վարչական գործերի համար սահմանվել է տուրքի բանաձև: Վերանայվել է արտոնությունների համակարգը. օրենքում չհիմնավորված արտոնություններ կան: «Լրացուցիչ կարևոր արտոնություններ ենք սահմանել, որոնցից է համայնքի ղեկավարի՝ հավաքներին վերաբերող որոշումների, գործողությունների օրինաչափությունը բողոքարկելու հարցը: Այդ դեպքում պետական տուրք չի գանձվի: Պետտուրք չի գանձվի նաև ընտանիքում բռնության դեպքերի գործերով դատարան ներկայացվող հայցադիմումների դեպքում»,-պարզաբանեց Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

Պետական տուրք չի գանձվի նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից, երբ դատարանում կվիճարկվեն Ընտրական օրենսգրքով սահմանված իրավախախտումները:

Օրենքում ավելացել է պետական տուրքի նոր արտոնություն, որը վերաբերում է զոհված զինծառայողների կամ ռազմական գործողությունների հետեւանքով մահացած քաղաքացիների՝ ժառանգության վկայագիր ստանալու հարաբերություններին: Այդ դեպքում ևս պետտուրքից ազատվելու արտոնություն է սահմանվել:

Օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее