Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ավարտվեց հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը «Սկրատչ» մրցաձեւում (40 կմ խմբակային մրցավազք):
Հայաստանցի 2 հեծանվորդներն էլ՝ Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը հաջողությամբ հաղթահարել էին որակավորման փուլը ու դուրս եկել եզրափակիչ:
Այս փուլում փայլուն հաջողության հասավ 18-ամյա Էդգար Ստեփանյանը. հայ հեծանվորդը գերազանցեց բոլորին ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հայկական հեծանվային մարզաձեւի պատմության ընթացքում սա առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնություններում:
Ի պատիվ Էդգար Ստեփանյանի Աթենքի հեծանվահրապարակում հնչեց Հայաստանի հիմնն ու բարձացավ մեր երկրի դրոշը: Պավել Ստեփանյանը զբաղեցրեց 10-րդ տեղը: