«Մեր նախաձեռնությունն ամենևին կապված չէ սպասվող հանրահավաքի հետ: 18 ամիս է մենք այս խնդիրը խոստացել ենք, դա մեր ծրագրային դրույթն է և հետևողական ենք լինելու»,-Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ նախաձեռնության մասին խոսելիս` ասաց Արամ Մանուկյանը:
Պատգամավորն, ապա, ՀՀԿ-ի իրենց գործընկերներին մի քանի առաջարկ արեց.
«Աշխատեք ձեր տեսակետները մատուցեն այնպիսի մարդիկ, որոնք վարկաբեկված չեն: Դա վնասում է ձեզ: Օգտագործե'ք խորհուրդս, կշահեք»:
Արամ Մանուկյանը խոսքում նշեց, որ հանձնաժողով պահանջելն անելանելիությունից է: Հարցերի ապագան չտեսնելուց է:
Անդրադառնալով ՀՀԿ որոշ պատգամավորների այն հայտարարություններին, թե Մարտի մեկի գործով պետք է հարցաքննել նաեւ ՀՀ առաջին նախագահին, պարոն Մանուկյանը նկատեց. «Գնացեք Լեւոն Տեր-Պետրոսյանին դատեք՝ մուրճն էլ է ձեր ձեռքին, մեխն էլ: Ի՞նչն է խանգարում: Գիտեք մենք ուզո՞ւմ ենք գանք, լարվենք ձեզ մեղադրենք, դուք պաշտպանվեք կամ վարձու սոխակնե՞ր բերեք ձեզ պաշտպանելու համար: Չենք ուզում»,-ասաց Արամ Մանուկյանը` վերջում ևս մեկ խորհուրդ տալով ՀՀԿ-ին.
«Դիմում եմ` ձեր երեխաների և պատմության համար: Եթե, անգամ, կողմ չեք կարողանում քվեարկել` ձեր թիմին չդավաճանելու համար, ապա մի' քվեարկեք, կամ, գոնե ձեռնպահ»: