▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Առաքելություն»-ն առաջարկում է քննարկել կառավարության հրաժարականի հարցը

 

Գրեթե 10 օր է, ինչ հանրապետությունում տիրում է քաղաքական աննախադեպ իրավիճակ: Ապստամբների կողմից ՊՊԾ գնդի գրավումն ինչպես իշխանության, այնպես էլ մի շարք քաղաքական ուժերի կողմից առաջին պահին որակվեց որպես ահաբեկչություն: Ապստամբների կողմից հետագա գործողությունները սակայն, ապացուցեցին, որ որևէ ահաբեկչություն չկա, գործողությունը բացառապես քաղաքական է: Ի դեպ, տեղի ունեցածը նաև Քրեական օրենսգրքով չի համարվում ահաբեկչություն: Խմբի կողմից ոստիկանների ազատ արձակումը մեկ անգամ ևս փաստում է իրավիճակի խաղաղ լուծման պատրաստակամությունը, ներկայումս խմբի զինված լինելը չի վտանգում մարդկանց կյանքն և առողջությունը: Ընդ որում, արդեն մի քանի օր է հանրահավաքները կրում են բացառապես խաղաղ բնույթ, զերծ են որևէ միջադեպերից:

«Առաքելություն» կուսակցությունն աջակցություն է հայտնում Խորենացի փողոցի խաղաղ հավաքներին՝ նպաստելու համար իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանն ու քաղաքական հասունացած փոփոխություններին:

 Իրավիճակի խաղաղ հանգուցալուծման որոշումը, կարծում ենք, իշխանությունների կողմից չի վերանայվի, կարվի առավելագույնն՝ առանց բախումների արդյունքի հասնելու համար։

Միևնույն ժամանակ, որպես պահանջների քննարկում, առաջարկում ենք հրավիրել ԱԺ արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`

 • ՀՀ և ԼՂՀ միջև ռազմական համագործակցության պայմանագրի կնքում՝ համաձայն որի, ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքի անվտանգությունը ապահովվում է ՀՀ ԶՈՒ կողմից: ՀՀ ԶՈՒ ենթակայության տակ գտնվող ՀՀ և ԼՂՀ տարածքներից ԶՈՒ ամբողջական/ մասնակի դուրս բերման մասին որոշումը կայացնում է գերագույն գլխավոր հրամանատարը` որոշումը հանրաքվեով հաստատվելու դեպքում: Պայմանագիրը ներկայացվում է հանրաքվեի, փոփոխությունները կատարվում են բացառապես հանրաքվեով, ուժի մեջ է անժամկետ:

• ԱԺ պատգամավորների կողմից դիմում դատարանին առնվազն մեկ տարի ժամկետով քաղաքական բանտարկյալների խափանման միջոցի փոփոխման միջնորդությամբ՝ հանրապետությունից չբացակայելու պայմանով, այդ ընթացքում գործերի վերանայում և արդարացում:

• ԱԺ պատգամավորների կողմից դիմում դատարանին՝ապստամբների նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում առնվազն մեկ տարի ժամկետով հանրապետությունից չբացակսյելու խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ՝այդ ընթացքում գործի քննում:

• Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխության կատարում՝ ուժային կառույցներն ընդգրկելով Կառավարության կազմում։

            • Եթե Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջի հարց իշխանությունները դեռևս չեն ուզում քննարկել՝ Կառավարության հրաժարականի քննարկում՝ ձևավորելու համար նոր, տարբեր ուժերի կողմից բաղկացած Ազգային համաձայնության Կառավարության, որը հրատապ լուծում կտա սոցիալ-տնտեսական խնդիրներին, ինչպես նաև կկազմակերպի խորհրդարանական ընտրություններ։

 Համոզված ենք, նշվածը զերծ կպահի հետագա բախումներից, կնպաստի Արցախյան հիմնահարցում Հայաստանի դիրքերի ուժեղացմանը:

 

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

26.07.2016թ. 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее