▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպել է Ժիդանի, Բուրիչի, Պասքիեի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի Պասքիեի հետ:

Շնորհավորելով Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ մարտահրավերներին դիմակայելու եւ լուծումներ փնտրելու ճանապարհին Հայաստանը շարունակելու է ապավինել Եվրոպայի խորհրդի աջակցությանը: ԱԺ նախագահը նշել է, որ այս տարվա մարտ ամսին Երեւանում կայացած իրենց հանդիպումից ի վեր Հայաստանը մի շարք հաստատակամ քայլեր է կատարել դատաիրավական բարեփոխումների օրակարգի շրջանակներում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին: Ազգային ժողովի նախագահը նաեւ նշել է, որ Հայաստանի խորհրդարանն այժմ ձեռնամուխ է եղել Ընտրական օրենսգրքի եւ Կուսակցությունների մասին օրենքի բարեփոխմանը:

Լիլիան Մորի Պասքիեն, ողջունելով Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունն իրենց միջազգային պարտավորությունների կատարման ճանապարհին, իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին: Լիլիան Մորի Պասքիեի խնդրանքով Արարատ Միրզոյանը նաեւ անդրադարձել է Հայաստանի կողմից կանանց եւ երեխաների նկատմամբ բռնությունը կանխելուն ուղղված գործընթացին: 

Նշենք, որ Արարատ Միրզոյանը Եվրոպայի  Ստրասբուրգում հանդիպել է նաև Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը մեծ ուշադրությամբ եւ ոգեւորությամբ հետեւում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին հատկապես դատաիրավական ոլորտում՝ այս ենթատեքստում ընդգծելով ԱԺ կարեւոր դերակատարությունը: Հորդորելով շարունակել բարեփոխումները՝ ԵԽ գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել շարունակել կազմակերպության կողմից իրականացվող աջակցությունը:

Արարատ Միրզոյանը նշել է, որ բարեփոխումների ճանապարհին Հայաստանը պատրաստ է լսել բոլորի կարծիքները, ընդգծել, որ սերտ համագործակցություն կա ԵԽ բոլոր կառույցների հետ, եւ Հայաստանը հաստատակամ է ավարտին հասցնել բարեփոխումները: Արարատ Միրզոյանն անդրադարձել է բարեփոխումներին խոչընդոտող հանգամանքներին, խոսել նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ի պատասխան շեշտել է, որ Հայաստանը օրինակելի երկիր է ԵԽ բոլոր կառույցների հետ համագործակցության առումով:

Կողմերը քննարկել են Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը՝ անդրադարձ կատարելով նաեւ կանանց եւ երեխաների նկատմամբ բռնության կանխման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը: Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շեշտել է, որ, ելնելով իր երկրի փորձից, պատկերացնում է առկա բարդությունները եւ անթույլատրելի համարել բռնության դեմ պայքարը ներքաղաքական շահարկման առարկա դարձնելու փորձերը: 

 Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հանդիպել է  նաև Սլովենիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Դեժան Ժիդանի հետ: Արարատ Միրզոյանը նշել է, որ մեծապես կարեւորում է Սլովենիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում, որը կարեւոր հարթակ է հանդիսանում երկկողմ միջխորհրդարանական կապերի ակտիվացման եւ համագործակցության ընդլայնման համար: Աժ նախագահը արժեւորել է նաեւ Սլովենիայի հետ համագործակցության խորացումն ու ընդլայնումը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը  միջպետական հարաբերությունների համատեքստում:

Այս առումով Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում արդեն իսկ գործում է Հայաստան-Սլովենիա միջխորհրդարանական բարեկամական խումբը, որը Սլովենիայի խորհրդարանում դեռեւս ձեւավորված չէ: Սրան ի պատասխան՝ Դեժան Ժիդանը նշել է, որ Սլովենիայի խորհրդարանում արդեն իսկ սկսել են բարեկամության խմբի ձեւավորման աշխատանքները:

Զրուցակիցները խոսել են Սլովենիայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորինս սեղմ ժամկետներում վավերացման մասին, որը ամուր իրավական հիմք է հանդիսանում Եվրամիության եւ ԵՄ անդամ պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների զարգացման առումով: Արարատ Միրզոյանն իր գործընկերոջը հորդորել է հնարավորինս շուտ վավերացնել այն, ինչին ի պատասխան Սլովենիայի խորհրդարանի նախագահը հավաստիացրել է, որ կառավարությունից ստանալուն պես այն կվավերացվի շատ կարճ ժամկետում: 
  
ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Եվրամիության հետ վիզայի ազատականացման երկխոսության շուտափույթ մեկնարկը ՀՀ-ի համար հատուկ կարեւորություն է ներկայացնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее