▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արայիկ Հարությունյանը՝ գորշ կարդինալ. ՔՊ սկանդալային բացահայտումների շարքից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կոռուպցիոն հակումները քննարկվել են կուսակցության՝ վերջերս կայացած վարչության, ապա ակտիվի նիստում:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ երբ Արայիկ Հարությունյանի... մասին բացահայտումներ են արվել ակտիվի նիստերից մեկի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը չի հավատացել, պահանջել է ներկայացնել փաստեր, որպեսզի չստացվի, թե Հարությունյանին օդում վարկաբեկում են: Մյուս նիստին ՔՊ-ական 2-3 պատգամավորներ ներկայացրել են հստակ փաստեր՝ փորձելով ապացուցել Նիկոլ Փաշինյանին, որ Արայիկ Հարությունյանը իրեն սխալ է ներկայացնում իրավիճակը, որ լինելով վարչապետի մոտ եզակի մուտք ու ելք ունեցող պաշտոնյաներից մեկը՝ հենց ինքը թաթախված է կոռուպցիայի մեջ:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները փոխանցում են, որ դռնփակ նիստի ժամանակ թիմակիցները ներկայացրել են, թե երբեմնի դասախոս Արայիկ Հարությունյանը բարձրաստիճան կարեւորագույն պաշտոններում իր հավատարիմ մարդկանց է նշանակել ու վերահսկում է իրավիճակը կառավարական կաբինետում: Անգամ համեմատություն է արվել նախկինների հետ, թե նախկիններն էլ իրավիճակին չէին տիրապետում, որ նախկինում էլ թիմակիցները ղեկավարներին խաբում, թալանով էին զբաղվում, դրա համար հասարակությունը դուրս եկավ նրանց դեմ:

Որպես ասվածի ապացույց՝ ներկայացվել է, որ Արայիկ Հարությունյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որտեղ Կառավարությունը բաժնեմաս ունի, Նարեկ Բաբայանի հետ միանձնյա որոշում է՝ ով աշխատի, ով որքան աշխատավարձ ստանա, ով համագործակցի հանքի հետ, ով մերժվի: Ներկայացվել է զեկույց, որ եղբայրը «ձեւական» պաշտոն ունի «Հանքագործների միություն»-ում:

Նույն Հարությունյանի եղբայրը հավակնում է դառնալ նոր մեդիամագնատ՝ նախկինների օրինակով, եւ հեռուստատեսային-գովազդային շուկան կենտրոնացրել է իր ձեռքին՝ մեծացնելով ախորժակը, որ կուլ տա ողջ շուկան: Այսինքն՝ անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում մյուս հեռուստաընկերությունների համար:

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է, որ վարչապետին առընթեր տեսչական մարմինը, որ պետք է զբաղվի մի շարք հիմնարկների՝ այդ թվում եւ հանքերի վերահսկողությամբ, դեղատների ստուգումներով, մի շարք հիմնարկների աշխատանքային պայմանները ստուգելով՝ պատշաճ չի աշխատում, թաքցնում է շատ ճշմարտություններ վարչապետից:

Ներկայացվել է, որ կոռուպցիան վխտում է հենց վարչապետի քթի տակ՝ իր աշխատակազմում, եւ հորդում դուրս:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այդ նիստերից հետո Արայիկ Հարությունյանը շտապել է իր նշանակած կադրերին հրահանգել, որ աշխատեն մաքրել փաստաթղթերը, ամեն պահի պատրաստ լինեն արտահերթ ստուգումների: «Ազգային ժողովից բողոք կա իմ վրա, պիտի մաքրեք ձեր ոլորտը, թերությունները վերացնեք, որ ամեն պահի հնարավոր է՝ ստուգում լինի»,- իր նշանակած կադրերին ասել է Արայիկ Հարությունյանը:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը լսել է ողջ բացահայտումները, եւ ներկաները տպավորություն են ստացել, թե այն Նիկոլ Փաշինյանը, որ դժգոհում էր իր ուժային բլոկից, ինքը Արայիկ Հարությունյանի մոտ «վարչապետ է աշխատում»:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Արայիկ Հարությունյանից մեկնաբանություններ ստանալ կայացած նիստի, իր մասին կոռուպցիոն բացահայտումների մասին, սակայն վերջինս չպատասխանեց մեր զանգին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее