▲ Դեպի վեր

Вторник, 01.04.2025 lang.iso lang.iso lang.iso

«Արցախ» վանկարկումներով հանրահավաք Ազատության հրապարակում

***

***

«Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված», «Արցախ» վանկարկումներով «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ, միացան Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն արցախցիների իրավունքների կազմակերպված հանրահավաքին։

***

Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք է՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության:

Օրակարգային հիմնական հարցերն են՝ Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի հարցի առաջմղումը, Հայաստանում արցախցիների սոցիալական և այլ իրավունքների պաշտպանությունը, գերիների ազատ արձակման ջանքերը և Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանությունը։

Ազատության հրապարակի հանրահավաքը մեկնարկեց Տերունական աղոթքով, որից հետո Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը դիմելով արցախցիներին՝ ասաց․ «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր կողքին։ Արցախը մե՛զ է սպասում»։

***

«Ես նրան հավատացի որպես մարդ, բայց նա մարդ չի»,- Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց տարեց արցախցին։ «Ժուլիկ, գող, ավազակ, նրան պետք է վռնդել։ Նա պետք է հայությունից հեռանա, նրա մեջ հայություն չկա»,- հավելեց վրդովված տղամարդը։

***

«Գոռում էիր՝ Արցախը Հայաստան է ու վերջ․․․ կին արմատ հալով ես քո հետ կխոսեմ, արի՛ պատասխան տուր հարցերիս»,- ասաց Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակիցը։ «Մարդիկ տուն ու տեղ են կորցրել, գերեզմաններ․ արի՛ պատասխան տուր․․․․ Թքեմ քո 40-ի վրա էլ, 10-ի վրա էլ, քո 40+10 սոցիալական աջակցությունն ինձ պետք չի, ինձ իմ հայրենիքն ա պետք»,- նշեց կինը։

***

«Դուք եք որոշելու մեր հետագա գործողությունները», Ազատության հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքների անցկացվող հանրահավաքի ժամանակ, դիմելով ժողովրդին, նշեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

Նա հանրությանը ներկայացրեց հետագա գործողությունների երկու տարբերակ. «Տարբերակ առաջին. Կառավարությունն ունի երկու շաբաթ ժամանակ՝ փոխելու իր ծրագրերն ու որոշումները, եթե չփոխի, մենք հավաքվելու ենք այստեղ և միասին իրականացնելու ենք մեր հետագա քայլերը: Տարբերակ երկրորդ. նախաձեռնող խումբը մնալու է այստեղ, ձևավորելու է շտաբ, իրականացնելու է իրազեկման ակցիաներ։ Իշխանությունն ունի մեկ շաբաթ ժամանակ, եթե ոչ՝ մենք կազմակերպելու ենք ավելի մեծ հանրահավաք և անցնելու ենք հստակ գործողությունների»:

***

«Այս թրքամետ իշխանությունը մեզ վախեցնում է պատերազմով, թուրքը երբևիցե չի հանգստանալու, փորձելու է մեզ հետ կապիտուլյացիոն ակտ ստորագրել»,- այս մասին Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն արցախցիների իրավունքների ընթացող հանրահավաքի ժամանակ նշեց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։

Նրա խոսքով՝ կապիտուլյացիոն ակտ կստորագրվի այն ժամանակ, երբ որ բանակը կլուծարվի և ադրբեջանական կողմի բոլոր պահանջները կիրականացվեն։
«Պետք է ոտքի կանգնել, ազատվել այս թրքմետ իշխանությունից, որպեսզի կարողանանք ունենալ հզոր բանակ, հզոր երկիր»,- ընդգծեց Մախսուդյանը։

***

«Արցախցիների սոցիալ-տնտեսական իրավունքները պարբերաբար ոտնահարվում ու անտեսվում են։ Վերջին զարկը՝ սոցիալական աջակցության ծրագրի դադարեցումը կամ կրճատումն է, որն աղետալի հետևանքներ է ունենալու ՀՀ-ում ապաստանած արցախցիների համար՝ մատնելով անօթևանության, չքավորության, արտագաղթի»,- Ազատության հրապարակում հանրահավաքից առաջ ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով՝ շատ կարևոր է, որ մարդիկ միասնաբար պայքարեն իրենց իրավունքների համար։

***

«Մեր կյանքը պատկերացնում եմ արդեն բոմժի, մուրացկանի կարգավիճակով։ Արցախցին արժանի չէ այդ կյանքին։ Արցախցին Արցախում ապրել, արարել է իր հալալ վաստակով ու նույնը պիտի շարունակի»,- Ազատության հրապարակում մեկնարկող հանրահավաքից առաջ ասաց արցախցի Նաիրա Բաբայանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում հետագա կլյանքը՝ առանց սոցիալական աջակցության, որն ապրիլից չի գործելու։

***

«Մենք եկել ենք «ո՛չ» ասենք այս կառավարությանը, որի պատճառով շեն Արցախը թշնամուն հանձնվեց»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն արցախցիների իրավունքների ընթացող հանրահավաքի մասնակիցներից մեկը։
«Հավաքվել ենք «ո՛չ» ասելու այդ խուլիգաններին, ավազակներին, որոնք Արցախը խժռեցին, այս մի բուռ ժողովրդին հիմա էլ ապրուստի վերջին միջոցից են ուզում զրկել, որ Հայաստանը լքեն»,- ընդգծեց արցախցի կինը։

***

Իշխանությունների նպատակը արցախցիներին հնարավորինս շուտ արտագաղթի մղելն է․ դա երևում է նրանց ծրագրերից։ Ազատության հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքների ընթացող հանրահավաքի ժամանակ այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Թվում է, թե կա ծրագիր, որը հնարավորություն պետք է տա արցախցիներին՝ լուծելու բնակարանային խնդիրը, բայց երբ մանրամասն ուսումնասիրում ես, պարզ է դառնում, որ դա եղել է «փուչիկ»։ Իրականում սոցիալական խնդիրներից մինչև բնկարանային հարցերը լուծված չեն, ր դրա հետևանքն այն է, որ այսօր արցախցիները հրապարակներում են պահանջում իրենց իրավունքների վերականգնում»,- նշեց պատգամավորը։

Նա նաև ընդգծեց, որ իշխանությունը՝ առաջին դեմքի և ԱԳ նախարարի մակարդակով հնչեցրել է, որ Արցախի հարցն իրենց համար փակված է։ «Հետևաբար այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի տարվում, և տրամաբանական չէ ակնկալել, որ նրանք արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ որևէ բան կանեն»,- նշեց Աբրահամյանը։

***

«Արցախ հավաքական վերադարձ կարող է լինել միայն Արցախն ազատագրելուց հետո: Ադրբեջանի կազմում ոչ մի վերադարձ չի կարող լինել»,- Ազատության հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքների կազմակերպված հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հրապարակախոս Հրայր Ուլուբաբյանը:

Նրա կարծիքով՝ 1988-ի ազատագրական շարժման նման մի շարժում պետք է սկսվի: «Ադրբեջանի հետ հարցերը պետք է լուծվի միջազգային դատարանում, ծայրահեղ դեպքում՝ պատերազմի դաշտում: Ադրբեջանը Թուրքիայի հետ Հայաստանը վերացնելու ծրագիր է իրականացնում, նրա հետ բանակցելը անիմաստ է»,- նշեց հրապարակախոսը:

***

«Հեռացնում ենք Նիկոլ Փաշինյանին, և Արցախի ժողովրդի հարցը լուծվում է: Քանի ինքը կա, ոչ մի հարց չի լուծվելու»,-Ազատության հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքի հանրահավաքի ժամանակ ասաց հանրային ակտիվիստ Արմեն Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանն այնպես է անում, որ Արցախի ժողովուրդը լքի նաև Հայաստանը:

«Պետք է այստեղ վրանները խփել և ոչ մի տեղ չգնալ, ձնագնդիկը պետք է մեծացնել, և նրա հեռացումը օրերի հարց է: Պայքարը հաստատ արդյունք բերելու է»,- հավելեց ակտիվիստը:

Դիտեք նաև՝

«Այս իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն պատրաստվում պաշպանել Արցախի հայերի շահերը, ինչը նշանակում է, որ արտաքին աշխարհում, միջազգային կազմակերպություններում հետամուտ չեն լինելու, որ նրանց ազատության, վերադարձի, սեփականության իրավունքները պաշտպանվեն»,- այս մասին Ազատության հրապարակում ի պաշտպանություն արցախցիների իրավունքների անցկացվող հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանություններից արցախցիները ոչինչ չեն կարող ստանալ կամ ակնկալել։
«Այս իշխանությունները փորձելու են լավագույն դեպքում մոլորեցնել՝ նյութական շահագրգռվածությամբ, «փափուկ բարձ» դնել արցախցիների գլխի տակ։ Նրանք Արցախի էջը համարում են փակված»,- ընդգծեց Ավետիսյանը։

***

Քաղաքական- հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թե բա Ղարաբաղյան շարժումն ավարտվել է։ Հեսա Ղարաբաղյան շարժումը գլխիդ քոր գալու դեղերը կտա, նոր կիմանաս»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее