▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախը մեզանից խլելու հերթական փորձը չստացվեց

ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ պատերազմ հրահրողը կիսագրագետ և մարզված սրիկա, կիսախելագար  Էրդողանն էր.

«Սիրիայում կրած անհաջողությունից հետո նա պետք է իրեն ինչ-որ մի կերպ արդարացներ ժողովրդի աչքի առջև: Դեռևս 1974 թվականին թուրքերը տմարդի մտան Կիպրոս ու մինչ օրս այն դե ֆակտո բաժանված է 4 հատվածի: Ոչ մի գերտերություն սանկցիա չկիրառեց ու չասացին՝ այդտեղ ի՞նչ գործ ունեք, մի հատ մաքրվեք»,-ասաց ԱԱԾ նախկին փոխնախարարը:

Իսկ, ահա ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով էլ՝ այս պատերազմը հրահրել են շահագրգիռ ռուս-թուրքական ուժերը.

«Եթե որևէ մեկն ապացուցի, որ այն զենքը, որն օգտագործում է Ադրբեջանը, պապուասների զենքն էր ու զինել էին, որ Ադրբեջանը մարզանք աներ, ես ներողություն կխնդրեմ: Պատերազմը հրահրել են նրանք, ովքեր զինել ու զինվել են: Ռուս-թուրքական ավանտյուրա էր, որը ջախջախվեց: Արցախը մեզանից խլելու հերթական փորձն էր, որը չստացվեց: Փա՛ռք մեր բանակին, մեր ժողովրդին: Մենք հաղթել ենք»,-նշեց ԳԽ նախկին պատգամավորը:

Ազատ Արշակյանի այն միտքը, թե սա ռուս-թուրքական ավանտյուրա է, զայրացրեց Գուրգեն Եղիազարյանին.

«Մի հատ Ռուսաստանից ձեռք քաշեք: Դուք ցանկանում եք, որ թուրքը նե՞րս մտնի»,-զայրացած հարցրեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-­ի լույս 2­-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա­ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2­-ին ժամը 08:30­-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ­21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-­ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3­ ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 29 կորուստ ունի, 28 զինծառայող անհայտ կորած է, 101 մարդ` վիրավոր: Հինգ մարդ էլ, այդ թվում` ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկու համայնքի ղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից` Մարտակերտի ճանապարհին: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1­-5-­ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1 ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: Ապրիլի 5­ին՝ ժամը 12:00­ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում երկկողմ համաձայնությամբ դադարեցվել է կրակը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее