Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիան իր ուսանողների և բոլոր ցանկացողների համար անցկացնում է վարպետության հետաքրքիր դասընթացներ՝ Մոսկվայից հատուկ ժամանած մասնագետների մասնակցությամբ: Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի տնօրեն Արմինե Ավդալյանը, ով Евразийская академия Телевидения и Радио-ի կողմից ակադեմիկոսի աստիճանի է արժանացել:

«Մեր ակադեմիան գործում է արդեն 20 տարի, սակայն հանգամանքների բերումով, ուսանողների քիչ լինելու պատճառով ժամանակավոր կասեցրինք բակալավրիատը: Որոշեցինք փորձարարական հրավեր անել՝ Մոսկվայից հրավիրեցինք Նանա Ավետիսովային, ով PR-ի հետ կապված 48 ժամ վարպետության դասընթաց անցկացրեց: Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի կողմից ուսանողներին հավաստագրեր շնորհվեցին՝ Նանա Ավետիսովայի կնիքով: Դասընթացը շատ մեծ համբավ ունեցավ, ուսանողները շատ ոգևորված էին, չէին ուզում բաց թողնել Նանա Ավետիսովային: Առաջին խումբը բաղկացած է մոտ 25 հոգուց, որոնք մեր ոլորտում տարբեր մասնագիտությունների տեր անձինքն են: Նրանցից ոմանք թեև աշխատանքային երկար տարիների փորձ ունեին, սակայն դասընթացից հետո խոստովանեցին, որ նոր գիտելիքներ են ստացել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Վերջինս նշեց, որ առաջիկա դասընթացները նախատեսում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին.
«Նանա Ավետիսովան կրկին կգա Հայաստան և կշարունակի իր սկսած գործը: Նրա միջնորդությամբ ևս մեկ մասնագետ կգա, ով արդեն HR-ի մասնագետ է՝ Եվգենիա Ֆիլիպասսը: Մենք որոշեցինք վարպետության այդ դասըթացները պարբերաբար կրկնել, քանի որ գաղտնիք չէ, որ PR մասնագիտությունը ժամանակակից մասնագիտություն է, և դրա պահանջարկը շատ մեծ է: Բացի դրանից՝ տեսնում ենք նաև այն ուսանողների ոգևորությունը, ովքեր մասնակցել են այդ դասընթացներին, որոնցից ստացած հավաստագրերը նրանց ինչ-որ ձևով օգնել են իրենց մասնագիտական ոլորտում առաջ գնալու և նոր հաջողություններ գրանցելու համար: Վստահ եմ, որ դասընթացներին մասնակցել ցանկացողների քանակը կավելանա՝ հաշվի առնելով այն, որ արդեն բազմաթիվ արձագանքներ ենք ստացել: Ուզում եմ նշել նաև, որ դպրոցահասակ դուստրս, ով պետք է ընտրություն կատարեր մասնագիտության առումով, այնքան ոգևորվեց դասընթացներով, որ որոշեց PR մասնագետ դառնալ:
Արմինե Ավդալյանի խոսքով՝ վարպետության նմանատիպ դասընթացները թեև նորություն չեն, սակայն դրանք թարմություն են բերում, քանի որ դրսի մասնագետների մոտեցումը շատ ավելի հետաքրքիր է , իսկ դասավանդման ոճը՝ տարբերվող:
«Նմանատիպ դասընթացներ անցկացնելու փորձեր նախկինում նույնպես ունեցել ենք: Մենք տարվա ընթացքում 1-2 անգամ արտերկից հրավիրել ենք մասնագետների, ովքեր ժամանակի ընթացքում տան անդամի պես են դարձել՝ Գուլբան Ուկետայկզի, Եկատերինա Գոլովնիա, Ալյոնա Եմելյանովա, Վալերի Ռուզին, Լյուդմիլա Բակիևա և այլք: Անցյալ տարի Վալերի Ռուզինի աջակցությամբ Չինաստանի կինոյի փառատոնն անցկացվեց մեր ակադեմիայում: Ունեցանք բազմաբովանդակ օրեր, որոնք ավարտվեցին հայկական ավանդական հյուրասիրությամբ, իսկ չինացիները մեզ հետ հավասար հայկական էին պարում »,- Asekose.am-ի հետ զրույցում պատմեց Արմինե Ավդալյանը:
Մեզ հետ զրույցում Նանա Ավետիսովան խոստովանեց, որ մեծ սիրով է ընդունել իր գիտելիքն ու փորձը հայ երիտասարդներին փոխանցելու առաջարկը.
«Ես մեծ հաճույքով համաձայնեցի, քանի որ ինձ համար դա առաջին փորձը չէր: Ես 1994թ.-ից դասավանդել եմ Արտաքին տնտեսական կապերի բաժնում և Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում: Ռուսաստանում դասավանդել եմ Տուրիզմի ակադեմիայում՝հյուրընկալության ոլորտի շրջանակներում: Երբ փորձը շատ է լինում, դու կարողանում ես քո օրինակներով, քո կյանքի փորձով կիսվել, դա է հենց հետաքրքրում մարդկանց, քանի որ գաղտնիք չէ, որ երիտասարդներն ամե ինչից արագ ձանձրանում են: Կարևոր չէ՝ տվյալ անձն աշխատանքային փորձ ունի, թե՝ ոչ, նա պետք է իմանա իրեն ճիշտ ներկայացնելու ձևը, տիրապետի էթիկայի կանոններին: Ես հասկացա, որ այժմյան սերունդը շատ ավելի ազատ է, շատերը չեն հասկանում, որ ամեն ինչում պետք է ներքին սահմանաչափ ունենան, որ պետք է բոլոր տեսակ հարաբերությունններում չանցնել սահմանը. խոսքս վերաբերում է հատկապես լրագրողներին: Այս թեմայի մասին շատ եմ խոսել դասընթացի ժամանակ, ինչպես նաև այն ամենի մասին, ինչ կապված է ժամանակակից PR-ի հետ»:

Հավելենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիան պայմանագիր ունի «Золотая Лента» ստուդիայի հետ, որտեղ օպերատորները և ռեժիսորները կարող են վերապատրաստվել և ստանալ ՌԴ-ի հավաստագրերը: Բացի դրանից՝ ակադեմիան 12 տարուց ավել աշխատում է Евразийская академия Телевидения и Радио-ի հետ, որի փառատոններից ակադեմիայի ուսանողների ֆիլմերը մշտապես վերադառնում են հաղթանակով:
Նշենք, որ վարպետության դասընթացներն անց են կացվելու Տիգրան Մեծի պող., 67ա շենքում՝ Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում: Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 093745768, 091587173:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան


