Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 17-ին անդրադառնալով այն հարցին, թե առաջիկայում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում Հայաստանի համար ո՞վ է նախագահի առավել նախընտրելի թեկնածու, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հայաստանի համար և ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարևաններն են ձեռնտու… Բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետևյալն է՝ մեզ համար թերևս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող Նախագահ Իլհամ Ալիևը հաղթեր…և եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիևը կարողանա կամք դրսևորել և վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի և նախընտրելի տարբերակը դա է»: Հարց է առաջանում, թե ինչու է Հայաստանի շահերից բխում Ալիևի «վերընրվելը»: Եթե վերլուծենք, ապա կփաստենք որ.
1. Ալիևը, ինչպես միշտ, նախագահ է ընտրվելու ոչ ժողովրդավարական ճանապարհով, ինչը հանգեցնելու է վերջինիս կլանի էլ ավելի թուլացմանը Ադրբեջանում, և, բնականաբար, ոչ լեգիտիմ նախագահը, չունենալով ժողովրդի մեծ մասի աջակցությունը, դժվար թե համարձակվի ռազմական գործողություններ սկսել:
2. Ալիևը, ոչ ժողովրդավարական ճանապարհով նախագահ ընտրվելուց հետո, էլ ավելի մեծ կախվածության մեջ է ընկնելու միջազգային կառույցներից և տերություններից, որոնք դեռևս շահագրգռված են ստատուս քվոյի պահպանմանը և թույլ չեն տալու ռազմական գործողությունների վերսկսումը:
3. Ալիևի հերթական ընտրությունից հետո Ադրբեջանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ կփոխվի, և կակտիվանան արաբական գարնանը բնորոշ հեղափոխական փոքր շարժումները, որոնք քանի դեռ չեն ստացել արևմուտքի լուրջ աջակցությունը, չեն կարող տապալել սուլթանական ռեժիմը, սակայն Ալիևի դիրքերը կթուլացնեն երկրի ներսում և միջազգային հարթակներում:
Իհարկե Հայաստանի համար ավելի նախընտրել է տեսնել ժողովրդավարական և կանխատեսելի Ադրբեջան, բայց իրականությունը այլ է, և նման ու բազմաթիվ այլ փաստեր հաստատում են, որ սուլթան Ալիևի ռազմաշունց և ֆաշիստական հայտարարությունների հռետորիկան դեռևս գործի չի դրվի: Սակայն Ադրբեջանում ինչպիսի ռեժիմ էլ որ ի հայտ գա, միևնույնն է, Արցախը մեր պատմական հայրենիքի անբաժան մասն է, և վերջինիս անկախությունն անհերքելի ՓԱՍՏ է:
Գևորգ Մելքոնյանի գրառումը
Ֆեյսբուք