▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արեգն ամենաագրեսիվն է եղել. նա ասել է, որ Օսիպյանին սպանելու է. տուժող կարմիրբերետավորի ցուցմունքը

armtimes.com-ը գրում է. «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա նիստին հայտնի դարձավ, որ տուժող ոստիկաններից մեկը՝ Դավիթ Գեւորգյանը, լքել է Հայաստանը: Դատարանը նման պայմաններում որոշեց հրապարակել վերջինիս նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

«Հասնելով ՊՊԾ գնդի դարպասների մոտ՝ տեսա, որ մի մարդ կրակում է: Երբ նա սկսեց մեր ուղղությամբ կրակել, մենք մեքենան թողեցինք եւ վազեցինք հակառակ ուղղությամբ: Շրջանցելով ՊՊԾ գունդը՝ պատի վրայով մուտք գործեցի եւ վազեցի դեպի հերթապահ մաս, որպեսզի ստանամ անձնական հաշվեցուցակային զենքը»,- գրել է Գեւորգյանը: Այնտեղ, սակայն, ըստ ցուցմունքի՝ մի խումբ երիտասարդներ զենքերն ուղղել են դեպի իրեն եւ պահանջել, որ հանձնվի, ու ինքը տիպված է եղել կատարել նրանց պահանջը: Ըստ տուժողի ցուցմունքի՝ նույն ժամանակահատվածում մի խումբ երիտասարդներ զենքի պահասենյակում գտնվող ոստիկաններին ստիպելիս են եղել բացել մնացած պահարանները:


Ոստիկանը նաեւ ասել է, որ գնդում բոլորը զինված են եղել, նրանց մոտ եղել է ավտոմատ՝ պահեստատուփերով, ատրճանակ, եղել են նաեւ նռնակներ: Նա նշել է, թե տեսել է՝ ինչպես են կապված ձեռքերով ներս բերում Վալերի Օսիպյանին եւ Վարդան Եղիազարյանին: Տուժողը նաեւ հավելել է, որ Պավել Մանուկյանն ասել է, որ ազատեն նրանց ձեռքերը: «Երեկոյան մեզ ուղեկցեցին դեպի մեր գումարտակ: Այնտեղ փշալարով փակել էին: Բարձրացանք երկրորդ հարկ՝ մի սենյակ, որտեղ 20 րոպե մնալուց հետո մեզ տարան մեկ ուրիշ սենյակ: Այստեղ մահճակալներ կային: Այնտեղ մեզ ստիպեցին պառկել լուսամուտի մոտ: Նրանցից մեկն ասաց՝  պառկեք պատուհանի մոտ, որ առաջինը ձեզ սպանեն»,- այսպիսի ցուցմունք է տվել տուժող ոստիկանը:

Նրա խոսքով՝ առավոտյան, երբ իրենց տարել են լվացվելու, տեսել է, որ ամբողջ գնդի տարածքում մարդիկ են հերթապահում, իրենց ասել են, որ նրանց կանգնեցրել են, որպեսզի եթե իրավապահները փորձեն մուտք գործել գնդի տարածք, նրանց ոչնչացնեն:

 

 

Ըստ ցուցմունքի՝ երիտասարդների խումբն անընդհատ տարեցների հետ վիճաբանության մեջ է մտել: «Այդպես եղավ նաեւ իմ այնտեղից դուրս գալու ժամանակ: Ես Պավելին պատճառաբանեցի, իբր մի քանի օրից պիտի նշանվեմ, նա էլ խորհրդակցեց մյուսների հետ ու որոշեցին, որ պիտի ինձ բաց թողնեն, սակայն երիտասարդները դեմ էին, նույնիսկ երբ ես արդեն պետք է դուրս գայի, Պավելը խորհուրդ տվեց ինձ զրահաբաճկոն հագնել՝ պատճառաբանելով, որ երիտասարդներից մեկը կարող է ինձ ոչնչացնել»,- իր ցուցմունքում նշել է ոստիկանը:

Երկրորդ անգամ տված ցուցմունքում Դավիթ Գեւորգյանը գրել է, թե խաբել է Պավելին, երբ ասել է, որ պիտի նշանվի, ապա հավելել, է, որ Պավել Մանուկյանն է իրեն ուղեկցել ու պահել թիկունքը, որպեսզի երիտասարդներն իրեն չսպանեն:

«Զինված խմբի անդամներից Էդվարդ Գրիգորյանն ասել էր, որ եթե ինձ բաց թողնեն, սպանելու են ինձ»,- նշել է տուժողը: Խոսելով գնդապետ Արթուր Վանոյանի սպանության հանգամանքների մասին, տուժողն իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ լսել է Արեգ Կյուրեղյանի եւ Սմբատ Բարսեղյանի միջեւ տեղի ունեցած խոսակցությունը, որից ենթադրել է, որ գնդապետ Արթուր Վանոյանին սպանել է Սմբատ Բարսեղյանը. ըստ ցուցմունքի՝  Արեգ Կյուրեղյանը Սմբատին ասել է՝ ինչո՞ւ ես սպանել, եւ վերջինս պատասխանում է, որ կրակել են, որից հետո է ինքը կրակել: Մյուս ցուցմունքում մանրամասնել է, որ Արեգ Կյուրեղյանը Սմբատի հետ զրույցում հիշեցրել է պայմանավորվածությունն այն մասին, որ մարդ չեն սպանելու, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ոտքից են կրակելու, բայց նաեւ նշել, որ Սմբատ Բարսեղյանն այդ խոսակցության ժամանակ, այնուամենայնիվ, չի նշել, թե ինքն է սպանել Վանոյանին:

 

 

 

 

Ըստ նրա ցուցմունքի՝ ինքը նաեւ հետեւյալ խոսակցություններ է լսել. «Հենց Ժիրայր Սեֆիլյանը գա, իշխանափոխություն կանեն, երկիրը կվերցնեն իրենց ձեռքն ու կզբաղվեն Ղարաբաղի հարցով»:

Քննիչը տուժող ոստիկանին ցույց է տվել լուսանկարներ, որում նա ճանաչել է խմբի անդամներից Մխիթարին, Արամ եւ Պավել Մանուկյաններին, Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին: Ճանաչելով Մխիթարին, Գեւորգյանը ցուցմունքում նշել է. «Մխիթարն ասել է, որ եթե կռիվ սկսվի, մեզ գցելու են առաջ, ու իրենք առաջ գնան: Վերջինս լուսանկարներից մեկում ճանաչել է նաեւ խմբի անդամ Արեգ Կյուրեղյանին. «Արեգն ամենաագրեսիվն է եղել, անընդհատ կրկնել է, որ ավելի լավ ա մահանա, քան 15 տարի դատապարտվի...: Արեգը բազմիցս ինձ մոտ ասել է, որ Օսիպյանին սպանելու է, ասում էր, որ եթե շտուրմ լինի, մեզ՝ բոլոր ոստիկաններիս, շարելու են առաջին շարքում, որպեսզի առաջինը մեզ վրա կրակեն»,- ցուցմունքում գրել է տուժող ոստիկանը:

 Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее