«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս մենք տեղեկացրել էինք, որ իշխանությունների հրահանգով պարբերաբար մերժվում են միջնորդությունները՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ միջազգային կոնֆերանսների, հանդիպումների, տարբեր այլ միջոցառումների մասնակցելու նպատակով երկրից մեկնելու վերաբերյալ: Պարզվում է՝ այս թեման քննարկումների լուրջ առիթ է դարձել նաև «դրսում»: Ի մասնավորի, մայիսի 18-ին Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (Centrist Democrat International) Գլխավոր ասամբլեան Սլովենիայում կայացած նիստում արտակարգ բանաձև է ընդունել Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Նախ՝ ասամբլեան Արմեն Աշոտյանի մասնակցության խոչընդոտումը միջազգային քաղաքական միջոցառմանը ճանաչել է որպես մասնակցային ժողովրդավարության դեմ ոտնձգություն, ինչպես նաև դատապարտել է քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր հարուցելը` դրանք համարելով անընդունելի և հակասող արդարության և օրինականության սկզբունքներին: Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի Գլխավոր ասամբլեան կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ վերջ դնել քրեական գործերը քաղաքական նպատակներով օգտագործելու չարդարացված պրակտիկային:
Միևնույն ժամանակ Ասամբլեայի ընդունած բանաձևում նաև նշվում է, որ լիակատար համերաշխություն են հայտնում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և հանդես գալիս որպես միասնական ճակատ՝ ի պաշտպանություն քաղաքական ազատությունների։Հավելենք, որ Կենտրոնամետ դեմոկրատական ինտերնացիոնալը քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների ամենամեծ և ամենաազդեցիկ միջազգային ասոցիացիան է Միացյալ Նահանգներում, Եվրոպական միությունում և Լատինական Ամերիկայում, որը միավորում է 109 քաղաքական կուսակցություն 83 երկրներից»: