«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկա օրերին կհայտարարվի նոր շարժման ստեղծման մասին: Ամենայն հավանականությամբ, այս շաբաթվա ընթացքում դրա մասին կհայտարարի Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա հատկապես վերջին շրջանում ակտիվ հանդիպումների ու քննարկումների մեջ է:
«Փաստ» թերթի տեղեկություններով, հնարավոր է, որ Արման Թաթոյանը նաև հայտարարի սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին, ինչը կարող է էլ ավելի սրել առանց այդ էլ սպասելի բավական թեժ ու սուր ընտրապայքարը՝ հաշվի առնելով այս պահին հայտնի, ինչպես նաև սպասվող թեկնածուների մասնակցությունը: Երեկ օրվա ընթացքում փորձեցինք տեղեկությունը ճշտել Արման Թաթոյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց»:
«Հրապարակ» թերթն էլ այս առիթով գրում է. «Ամիսներ շարունակ լուրեր են շրջանառվում, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հնարավոր է մասնակցի Երեւանի ընտրություններին: Նրա հրաժարականից ի վեր տարբեր քաղաքական ուժեր եւ անձինք նրան համոզում են մտնել քաղաքականություն, սակայն նա մերժում է: Իսկ Երեւանի ընտրություններին մասնակցելու հարցում էլ օրեր առաջ մեր լրագրողին ասել էր, որ առաջարկ ստացել է, սակայն դեռ որոշում չի կայացրել:
Վերջին օրերին տարբեր աղբյուրներից ինֆորմացիա ենք ստանում, որ Թաթոյանը որոշում է կայացրել, եւ նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Փորձ է արվում Թաթոյանի շուրջ լայն կոնսոլիդացիա ձեւավորել։ Ըստ էության, նա համարվում է այն կոմպրոմիսային թեկնածուն, որի դեպքում կարող է մի քանի ուժ միավորվել եւ միասնական թեկնածու առաջադրել: Իհարկե, իշխանությունը փորձելու է ջլատել դաշտը եւ հնարավորինս շատ թեկնածուներ մտցնել խաղի մեջ, որ այդ ուժերը միմյանցից ձայներ խլեն, եւ ընդդիմության ձայները փոշիանան` նպաստելով ՔՊ-ի հաղթանակին:
Բայց ընդդիմության որոշ գործիչներ հասկանում են դա եւ ամեն ինչ անում են իշխանությունների պլանները ձախողելու համար: Այս առումով Թաթոյանը հարմար թեկնածուներից է: Սակայն երեկ Թաթոյանը մեր զանգերին եւ հաղորդագրություններին այդպես էլ չպատասխանեց»: