▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը Լոնդոնում հանդիպել է Ուկրաինայի և Բելառուսի վարչապետներին. Ի՞նչ հարցեր են քննարկվել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Քննարկվել են Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում Բելառուս կատարած արդյունավետ այցերի ընթացքում նախանշվել են փոխգործակցության զարգացման համար մեծ ներուժ ունեցող ոլորտներն ու ուղղությունները, հեռանկարային են համարվել նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտները։

Նախագահ Սարգսյանն առաջարկել է քննարկել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համատեղ նախագծերի իրականացումը: Վարչապետ Ռումասը նշել է, որ միավորելով ուժերը՝ Հայաստանն ու Բելառուսն ավելի արագ առաջ կշարժվեն այս ոլորտում: «Դուք ունեք ձեր մրցունակ մշակումները, մենք՝ մերը: Պետք է հասկանանք ինչպես դրանք համատեղել՝ սիներգիա ունենալու համար»,-ավելացրել է նա:

 Լոնդոնում Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկի հետ:

Հայաստանի նախագահը և Ուկրաինայի վարչապետը քննարկել են հայ-ուկրաինական օրակարգին վերաբերող հարցեր։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ երկու երկրների հարաբերություններում գործնական քայլերի ժամանակն է՝ նշելով, որ համագործակցության ներկա մակարդակը բավարար չէ, և հնարավորությունները շատ ավելին են։

Համաձայնելով Հայաստանի նախագահի հետ՝ Ուկրաինայի վարչապետը նշել է, որ երկու երկրներն ունեն շատ ընդհանրություններ, սերտ կապեր և չիրացված մեծ ներուժ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման, ինչպես նաև գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտներում համատեղ փոխշահավետ նախագծերի իրականացման հնարավորությունների շուրջ։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее