ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, հայտնի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի կողմից քաղաքացուն ենթադրյալ ծեծի ենթարկելու դեպքով նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Այս մասին armtimes.com-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը. «Քաղաքացու կողմից Ոստիկանության Կենտրոնի բաժին հաղորդում է ստացվել Արսեն եւ Լեւոն Ջուլֆալակյանների կողմից իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ: Հաղորդման առթիվ Ոստիկանությունում քրեական դատավարության կարգով սկսել են նյութեր նախապատրաստվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արսեն Ջուլֆալակյանը հանդիսանում է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Երեւան քաղաքի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազության միջոցով այդ նյութերը պահանջվել եւ ստացվել են ՀՀ գլխավոր դատախազություն եւ քննչական ենթակայության կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նյութերի հետագա նախապատրաստումը շարունակելու եւ ընթացքը լուծելու հանձնարարությամբ»,- մանրամասնել է Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ մայիսի 5–ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, Պուշկինի փողոցի 60 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ ինչ-որ խնդիրների շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Մխիթարյանի և Երևան քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Արսեն Ջուլֆալակյանի և 55-ամյա Լևոն Ջուլֆալակյանի միջև, որի ժամանակ, ըստ Ս. Մխիթարյանի հայտարարության, վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն։

Ավելի ուշ ՀՀ ԱԺ պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հերքել է, որ ինքն ու հայրը՝ ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, մարդ են ծեծել:

Կարդացեք նաև՝ Ինձ մի փոքր իմացողները գիտեն,որ դեմ եմ բռնությանը. Ջուլֆալակյանը հերքում է, որ ինքն ու հայրը մարդ են ծեծել
Ոչ մեկին ոչինչ չեմ պատրաստվում ապացուցել. Արսեն Ջուլֆալակյան
Արսեն Ջուլֆալակյանը` անձնականն ու նորածին դստերը բոլորից թաքցնելու մասին


