«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր ուժերը կարող են միավորվել եւ քաղաքապետ ընտրել, ու այս միտքը հանգիստ չի տալիս Նիկոլ Փաշինյանի թիմին:
Նրանք որոշել են վերահաշվարկի համար դիմել ԿԸՀ՝ հույսով, որ այդպես գոնե կկարողանան ձայներ ավելացնել: ՔՊ-ն նաեւ հույս ունի, որ մեկ մանդատ «կգողանա» ընդդիմադիրներից, որպեսզի անհրաժեշտ քվեներ ապահովի, եւ Տիգրան Ավինյանը քաղաքապետ դառնա: Կուսակցությունը երեկ քննարկել է տարբերակ. «Հանրային ձայն» կուսակցությունը, որը 7 մանդատ է ունենալու ավագանու կազմում, ունի կալանավորված 1 անդամ։
Այսինքն, փաստացի, քվեարկության կարող է մասնակցել 6 հոգի, եթե Արտակ Գալստյանը չհրաժարվի ավագանու իր մանդատից:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ընտրական օրենսգրքում այդ մասով որեւէ հստակեցում առկա չէ, եւ կարող է լինել երկու սցենար. կա՛մ պետք է միջնորդություն ներկայացվի նախաքննական մարմնին կամ դատախազին, որ խափանման միջոցը վերանայեն, ավագանին ներկայանա նիստին, քաղաքապետ ընտրի, կա՛մ ընտրված ավագանին պետք է հրաժարվի մանդատից, որ հաջորդ համարն ընտրվի ու մասնակցի նիստերին։
Այսինքն, եթե Վարդան Ղուկասյանի ուժը ցանկանում է պահպանել այդ մեկ ձայնը, ինչը շատ կարեւոր է, ապա պետք է Արտակ Գալստյանը հրաժարվի իր մանդատից։ Եթե ոչ, կստացվի, որ ՔՊ եւ «Հանրապետություն» կուսակցությունները ունեն ճիշտ այնքան մանդատ, որքան Մարության-Թեւանյան-Գալստյան դաշինքը:
Այսպիսով՝ ՔՊ-ին պակասում է 1 մանդատ, որ Ավինյանին դարձնի քաղաքապետ:
Իսկ Հայկ Մարությանը ասում է՝ կամ ինքը պետք է քաղաքապետ դառնա, կամ նոր ընտրություններ լինեն: Սպասենք զարգացումներին»: