«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ մամուլի օրվա առիթով «Ժողովուրդ» օրաթերթը երեկ հրաշալի նվեր ստացավ. հաղթեցինք դատարանում: Այդ հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիրը Արթուր Հովհաննիսյանից հրապարակավ բացատրություն պահանջեց, և, քանի որ չստացանք պատշաճ բացատրություն և փաստեր չներկայացվեցին, մտանք դատարան: Դատարանի միջոցով պահանջել ենք պարտավորեցնել հրապարակայնորեն՝ ԱԺ ամբիոնից, իսկ անհնարինության դեպքում «ԱրմԼուր» լրատվական կայքի միջոցով տեսանկարահանմամբ հերքել արված հայտարարությունը և նույն ձևաչափով ներողություն հայցել «Ժողովուրդ» օրաթերթի ամբողջ խմբագրակազմից: Ի հատուցումն հայցվորին պատճառված ոչ նյութական վնասի՝ բռնագանձել 4 մլն ՀՀ դրամ, ինչպես նաև դատական ծախսերը: Իհարկե, դատավոր Սարգիս Երիցյանը մասամբ է բավարարել մեր պահանջները՝ վճռելով, որ Արթուր Հովհաննիսյանը պարտավոր է զրպարտություն համարվող հայտարարությունը հրապարակայնորեն հերքել Ազգային ժողովի ամբիոնից, անհնարինության դեպքում «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերությանը պատկանող էլեկտրոնային կայքով հերքումն իրականացնել՝ վճռի օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում: Հերքել հետևյալ կերպ՝ «07.12.2023 թվականին ՀՀ ազգային ժողովի նիստի ընթացքում ամբիոնից արված հայտարարությունը («…դե մենք գիտենք՝ հրապարակումները Հայաստանում ոնց են ծնվում, օրինակ՝ ինչ-որ մեկը կարող ա «Ժողովուրդ» օրաթերթին փող տա, վատ հոդված պատվիրի ինչ-որ մեկի մասին, որ պախարակի էդ մարդուն, ինչը նորմալ երևույթ ա «Ժողովուրդ» օրաթերթի համար….») իրականությանը չի համապատասխանում»։ Սակայն մենք բողոքարկելու ենք այս որոշումը, քանի որ Արթուր Հովհաննիսյանը պարտավոր է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ԱԺ ԱՄԲԻՈՆԻՑ և փոխհատուցել մեզ հասցված նյութական վնասը, որը գնահատված է 4 մլն ՀՀ դրամ: Չմոռանանք ասել, որ շնորհակալ ենք «ԷՄ ՋԻ ԷՄ փարթներս» փաստաբանական գրասենյակին՝ ի դեմս ղեկավար Գագիկ Խաչիկյանի՝ մամուլի օրը մեզ համար կարեւոր նվեր մատուցելու համար: Ի գո՛րծ»։ |
Արթուր Հովհաննիսյանը զրպարտիչ է. դատարանի որոշում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet