vivaronews.am-ը գրում է. Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Չեռնոգորիա խաղից առաջ նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին.
– Ի՞նչ տպավորություններ ունեք թիմի հետ առաջին մարզական հավաքից:
– Թիմի վիճակը շատ լավ է: Ես տղաներին նոր չեմ ճանաչում, աշխատել եմ նրանց հետ նաև երկու տարի առաջ:
– Ինչպիսի՞ վիճակում է Հենրիխ Մխիթարյանը, ում մարզավիճակից վերջերս մշտապես բողոքում է Ժոզե Մոուրինյոն:
– Հենրիխ Մխիթարյանի վիճակը փայլուն է, տրամադրությունը շատ բարձր է, ոչ մի խնդիր չեմ տեսնում:
– Դավիթ Մանոյանի վնասվածքի պայմաններում արդյո՞ք ավելի լավ չէր լինի, որ նա ունենար փոխարինող, օրինակ` Արթուր Եդիգարյանը, ով շատ լավ մարզավիճակում է:
– Մանոյանը վաղը միանշանակ չի խաղալու: Իսկ ինչ վերաբերում է Արթուր Եդիգարյանին, ես տեսել եմ նրա խաղը, զրուցել եմ նրա հետ: Այս պահին կտրուկ շարժումներ անել պետք չէ, բայց նա մեր տեսադաշտում է:
– Ի՞նչ կարծիք ունեք մրցակցի մասին:
– Մրցակիցը խաղի ֆավորիտն է, բայց ես շանսերը գնահատում եմ հավասար: Մրցակցի հարձակման գծում շատ ուժեղ խաղացողներ են, ովքեր փայլում են թե թիմային, թե անհատական խաղում: Շատ կազմակերպված, գրագետ, կարգապահ թիմ է: Շատ դժվար մրցակից է: Մենք ամեն ինչ անելու ենք հաղթանակի համար:
– Արդյո՞ք ոչ-ոքի արդյունքը կբավարարի Ձեզ:
– Միանշանակ փորձելու ենք հաղթել: Բայց ելնելով վերջին խաղերի արդյունքներից` կարծում եմ ցանկացած դրական արդյունք մեզ առաջ է տանելու: Իհարկե, տանը կցանկանայինք հաղթել:
– Հնարավո՞ր է Ձեր գլխավորությամբ թիմը հարձակողական ֆուտբոլ խաղա:
– Մենք շատ խնդիրներ ունենք, ու չենք կարող միանգամից բոլոր խնդիրները լուծել: Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք: Իհարկե, ամեն ինչ կախված է նաև մեր խաղացողներից, մրցակցից, ու ամեն խաղում պետք է այս ամենը հաշվի առնելով մարտավարություն մշակենք:
– Որքանո՞վ է հաջողվել լուծել հավաքականի հոգեբանական խնդիրը:
– Կարծում եմ` հաջողվեց, որովհետև թիմում տրամադրությունը լավ էր, մթնոլորտը հանգիստ էր, տղաները` ժպտերես: Կարծում եմ` վաղը տղաները ցույց կտան, որ հոգեբանորեն պատրաստ են խաղին:
– Արդյո՞ք քայլեր ձեռնարկել եք մեր հավաքականի ամենաթույլ օղակներից մեկի` պաշտպանության վիճակը բարելավելու ուղղությամբ:
– Իհարկե, ինչպես նշեցի, մենք ամեն ինչ անելու ենք քայլ առ քայլ: Մեր առաջին քայլը հենց դա է եղել: Այս 4 օրերի ընթացքում մեծ աշխատանք ենք տարել:
– Երկրպագուները թերահավատ են հավաքականի նկատմամբ, արդյո՞ք դա չի ճնշի տղաներին ու զգացնել չի տա:
– Ճնշել չեմ կարծում, բայց զգացնել կտա: Նրանք էլ կարդում են, նրանք էլ հեռուստացույց են դիտում: Բայց երկրպագուները իրավունք ունեն, 3 տարի հաղթանակ չի եղել: Կփորձենք մեր լավ խաղով փոխել երկրպագուների կարծիքը, բերել նրանց մարզադաշտ և վերականգնել հավատը:
– Բացի Մանոյանից կա՞ն ֆուտբոլիստներ, որոնց մասնակցությունը ևս կասկածի տակ է:
– Պետրոս Ավետիսյանը ևս վնասվածքի պատճառով չի մասնակցի խաղին: Մյուս տղաների հետ առայժմ ամեն ինչ նորմալ է:
– Արդյո՞ք պատրաստվում եք խաղալ ընդգծված հարձակվողով:
– Այո, խաղալու ենք, բայց չեմ ասի, թե ով կլինի այդ դիրքում: