Կուտակային հիմնադրամի ստեղծման հետ կապված ԱԺ արտահերթ նիստն այսօր տապալվեց, քանի որ քվորում չհավաքվեց: ՀՀԿ պատգամավորները չէին ներկայացել։ Գրանցվել էր միայն 45 պատգամավոր։
Սա բողոքի ալիք բարձրացրեց և ցույց կազմկերպվեց ԱԺ-ի, Կառավարության և ՀՀԿ գրասենյակի դիմաց:
«Պատգամավորներն, ովքեր ընտրված են ժողովրդի կողմից` հատկապես իշխող խմբակցության ներկայացուցիչները, այս անգամ ասացին` ժողովո'ւրդ, թքած ունենք քո կարծիքի, քո պահանջի վրա: Չեմ գալիս, չեմ մասնակցում արտահերթ նիստին: Վաղը, մյուս օրը երբ ընտրություններ կլինեն, կտամ քեզ 5000 դրամ, քո ձայնը կառնեմ հերթական անգամ և կասեմ` լռի'ր»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում կատարվածը որպես հասարակ քաղաքացի` մեկնաբանեց ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: