Վերջին շրջանում մամուլը անընդհատ անդրադառնում է ՀՀԿ-ում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես, այն մասին, որ պայքար է գնում երիտասարդ ու տարեց ՀՀԿ-ականների միջև:
Ըստ մամուլի՝ նրանց հարաբերությունները լարվել են հատկապես Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված: ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանին հակամարտության մասին լուրերը զարմանք են պատճառել:
«Չգիտեմ որտեղից են ծագում այդ նյութերը, քանի որ նման բան չկա, և շտաբն էլ շատ նորմալ և կազմակերպված աշխատում է, իսկ արդյունքները արդեն ամսի հինգին պարզ կլինեն»,- ասել է նա:
Խոսակցությունների համաձայն ՀՀԿ հին գվարդիան միանշանակ չի ընդունել այն հանգամանքը, որ Երևանի ավագանու ընտրություններում շտաբը ղեկավարում է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ռազմիկ Զոհրաբյանը նշել է, սակայն, որ այդպես չի. «Նրա թեկնածությունը գործադիր մարմնի և նախագահի կողմից հաստատվել է, իսկ դրանք ուղղակի ասեկոսեներ են»:
ՀՀԿ փոխնախագահը նշել է, որ ինքը էդուարդ Շարմազանովի կազմակերպչական ունակություններին վաղուց ծանոթ է եւ կարող է ասել՝ կազմակերպված, կարգապահ, ազնիվ և իր գործին գիտակ անձ է. «Նրա հասցեին տարածվող տեղեկատվությունը հերյուրանքներ են ու չեն համապատասխանում իրականությանը»:
Ռազմիկ Զոհրաբյանը ասել է նաև, որ կան մարդիկ, որոնք նախաձով ու խանդով են վերաբերվում դրան ու տարածելով այդ լուրերը՝ ցանկանում են վարքաբեկել Շարմազանովին:
Այն հարցին` արդյո՞ք այդ մարդիկ կուսակցության ներսից են, ՀՀԿ փոխնախագահը նշել է. «Գիտեք, հնարավոր է նաև կուսակցության ներսից լիենեն, բայց հիմնականում մամուլն է նման նյութեր տարածում, շահարկում են նրա ծագումը, որը բացարձակապես կապ չունի իր կատարած աշխատանքների հետ: Մենք մարդուն գնահատում ենք ոչ թե ծագումով, այլ՝ նրա կատարած աշխատանքով»: