▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտյանին մեղադրում են նախարարի պաշտոնում լիազորությունները վերազանցելու համար. քրգործ

armtimes.com-ը գրում է. ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին հայտնել էր, որ հրավիրվել է Երեւանի քննչական վարչություն՝ հարցաքննության: «Այս պահին գտնվում եմ Երեւանի քննչական վարչությունում արդեն մի քանի ամիս ձգվող անհեթեթ գործով, դեռեւս որպես վկա։ 
Վերջին անգամ հրավիրել էին հարցաքննության մոտ երկու ամիս առաջ»,- ֆեյսբուքի իր էջում գրել էր նա։

 

 

Ավելի ուշ մանրամասնեց, որ տվյալ քրեական գործը հարուցվել է մինչեւ հեղափոխությունը, բայց ինքը սկսել է գործով որպես վկա անցնել, ինչպես շեշտեց, ընդդիմություն դառնալուց հետո: Քրեական գործն առնչվում է բարձրագույն ուսումնական հաստատությունների նպատակային տեղերում պետական պատվերով կրթություն տրամադրելուն: Հայտնի է, որ գործող օրենսդրության համաձայն, երբ այս կամ այն բնակավայրում ասենք ուսուցչի կարիք է լինում, մարզպետը դիմում է ԿԳ նախարարին՝ դիմորդների համար նպատակային տեղերում կրթություն ապահովելու եւ հետագայում համայնքի մասնագիտական կարիքները բավարարելու համար: Պետությունը ստանձնում է այդ դիմորդների ուսման վարձը փոխհատուցելու պարտավորությունը՝ պայմանով, որ ուսումնառության ավարտից հետո նրանք պետք է գնան տվյալ դպրոցում աշխատելու: Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի N2 դպրոցի դեպքում էլ ժամանակին նման իրավիճակ է ստեղծվել. երեք դիմորդի ուսումը պետպատվերով կազմակերպվել է, բայց նրանք այդպես էլ չեն աշխատել նշված դպրոցում: Մանկավարժական համալսարանը դիմել է դատարան՝ պետությանը պատճառած մոտ 4 միլիոն դրամ ընդհանուր վնասը ուսումնական հաստատությունից գանձելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հեռավոր գյուղերից մեկի դպրոցի գլխին այսպես ասած կախվում է մի դատավճիռ, ըստ որի այդ դպրոցը պետք է փոխհատուցի տվյալ ուսանողների ուսման վարձը: Դպրոցը, որը չունի սեփական միջոցներ, ֆինանսավորվում է բացառապես պետական բյուջեից, ստիպված է մուծել գումար, որի հետ կապված մեղք ինքը չունի: Եվ բնական է, որ դպրոցը կանգնում է փակման եզրին, որովհետեւ եթե այդ 3-4 միլիոնը մուծի, երեխաները զրկվելու են կրթության իրավունքից, ուսուցիչները մնալու են գործազուրկ:

 

 

 

 

 

 

 

 

Երբ որ այս դատական պրոցեսը տեղի էր ունենում, համայնքից ինձ գալիս էին խնդրանքներ, դժգհություններ, բողոքներ, որ էս ինչ եք անում, գյուղի դպրոցը ոնք եք փակում, մենք փող չունենք, մենք մեղավոր չենք, որ այս մեխանիզմը անկատար է»,- պատմեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ դրանից հետո ինքը՝ որպես կրթութան եւ գիտության նախարար, հարկ է համարել միջամտել ու խնդրել է Մանկավարժական համալսարանի ռեկտորին՝ հրաժարվել գումարը փոխհատուցելու պահանջից: «Ինձ փորձում են մեղադրել, որ ես վերազանցել եմ իմ լիազորությունները եւ հանձարարել եմ ռեկտորին չգանձել դպրոցից գումար: Իրականում դպրոցը չփակելու, երեխաներին կրթությունից չզրկելու համար: Զավեշտալի մի պատմութուն, որ չի տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ»,- հայտարարում է Արմեն Աշոտյանը:  

 

Նկատենք, որ այն դեպքում, երբ նպատակային տեղում սովորած ուսանողն է հրաժարվում աշխատել նախանշված վայրում, պետությանը հասցված վնասի փոխհատուցումը գանձվում է նրանից, իսկ երբ շրջանավարտին հրաժարվում է ընդունել դպրոցը, փոխհատուցելու պարտավորությունն ընկնում է տվյալ հաստատության վրա:

Մանկավարժական համալսարանի իրավաբանական կենտրոնի ղեկավար Արմեն Ֆերոյանը, պատասխանելով մեր հարցին, հաստատեց, որ Զոլաքարի դեպքում պայմանագրային պարտավորությունները չկատարողը դպրոցն է: Դպրոցի տնօրեն Սամվել Մելիքյանը պատճառաբանեց, որ աշակերտների թիվը կրճատվել էր, ուստիեւ ուսուցչի թափուր հաստիք այլեւս չկար: «Այդ հայտը որ տրվել է, այդ ժամանակ դպրոցում եղել է 1 000 աշակերտից ավելի: 2008-ին, երբ նրանք ավարտել, եկել են, աշակերտների թիվը մոտ 300-ով պակասել է, դարձել է 800: Դասարանների թիվը կրճատվել է կտրուկ: Ֆորսմաժորի տարբերակը չկա, դա պայմանագրային կետերի սխալ ձեւակերպում էր, մարդիկ չէին մտածել, որ կարող է այդքան աշակերտ պակասի:

 Հետո «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություն կատարվեց: Եթե թոշակառուն ազատվում էր 60 տարեկանը լրանալուց հետո, դրանից հետո աշխատում է, այդ կետն էլ վերացվեց: Այսինքն՝ ուսուցիչների տեղերը չազատվեցին, որ շրջանավարտներն ընդունվեին: Շատ ու շատ պատճառներով տեղ չկար, մարդկանց չեն ընդունել»,- ասաց Սամվել Մելիքյանը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее