ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը իշխող մեծամասնության պատգամավորներին իր ելույթի ժամանակ հորդորեց ընդդիմությանը խորհուրդներ, դասեր չտալ, ապա, անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի երեկվա հայտրարությանը, թե ընդդիմությունը «սև ակնոցներ է հագել», ամեն ինչ սևացնում է, Ռուբեն Հակոբյանը նշեց. «Դա քաղաքական դալտոնիզմ է: Ասում է, թե սև ակնոց ենք հագել, ո՞վ ասաց, որ մենք սև ակնոցներ ենք հագել: Սև ակնոցնե՞ր է, որ մենք ասում ենք, որ Մարտի մեկը պետք է բացահայտվի, որ ասում ենք՝ 300 մլն դոլարի պարտքը չպետք է ժողովրդի վզին դրվի, պետք է կուտակային ֆոնդի հետ կապված հանձնաժողով ձևավորել… Գուցե դո՞ւք եք վարդագույն ակնոց դրել: Եվ, ընդհանրապես, խորհուրդ կտամ ընդդիմությանը դասեր չտան գոնե նրանք, ովքեր տասը րոպե ընդդիմություն չեն եղել»:
Խոսրով Հարությունյանն էլ իր հերթին հակադարձեց Ռուբեն Հակոբյանին` ասելով.
«Չգիտեմ՝ ես դալտոնիկ եմ, թե չէ, կյանքը շատ բաների մասին է խոսում, բայց այն մարդիկ, որ որ ինձ որակեցին, ես բոլոր հիմքերն ունեմ ասել, որ նրանք էլ քաղաքական իմպոտենտ են, որովհետև նախագահական ընտրություններից հետո ունենալ հինգ հարյուր հազար ձայն և մեկ ամսում փչացնել, դրա համար հարկավոր է լինել ընդամենը իմպոտենտ, քաղաքական իմպոտենտ, ոչ ավել, ոչ պակաս»,-նետեց նա։