Հունիսի 18-ի Գյումրու ավագանու հերթական նիստը կարելի է պատմական համարել, քանզի ավագանին իր պատմության մեջ առաջին անգամ բոյկոտեց այն: Ավագանու 21 անդամից ժամը 12.00-ի դրությամբ՝այսինքն նիստի սկզբին, ներկայացել էր 7 անդամ:
Գյումրու քաղաքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ, Գյումրու քաղաքապետ Բալասանյանն ու աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանը ՛՛խառնված Խչոյի՛՛ նման, ընկել էին ավագանու անդամների, բառացիորեն, դռները՝ մեքենա ուղարկելով նրանց ետևից, անընդհատ զանգահարելով վերջիններիս և խնդրելով գալ նիստի:
Ի վերջո, նախանշված ժամից 42 րոպե անց, քաղաքապետարան ՛՛բերման են՛՛ ենթարկել ավագանու մի քանի անդամներ, ինչ շնորհիվ ապահովվել է 11 հոգանոց քվորումը:
Ներկաները պատմում են և, դա ակնհայտ էր նաև տեղական հեռուստաալիքների հեռարձակած ռեպորտաժներից, որ Բալասանյանը ՛՛բալանսից լրիվ ընկել էր՛՛: Ստեղծված վիճակը արդարացնելու համար, բառեր չգտնելով , Սամվել Բալասանյանը նշել է, թե ՛՛ոչինչ, ամեն ինչ նորմալ է, նման բաներ Ազգային ժողովում էլ է լինում՛՛: Գյումրեցիները կատակում են, թե լավ է պիվի գործարանից օրինակներ չի բերել:
Սա Բալասանյանի համար, ըստ էության, 2-րդ կոնֆուզային իրավիճակն էր: Ընդամենը 2 ամիս առաջ, ավագանու անդամների և հ/կ ներկայացուցչի միջև ավագանու նիստի ժամանակ լեզվակռիվ էր սկսվել, որը շարունակվել էր քաղաքապետարանի միջանցքում: Նիստը վարող ՛՛բազմափորձ՛՛ Բալասանյանին որևէ մեկը ՛՛բանի տեղ՛՛ չէր դրել՝ հենց նիստի ընթացքում դուրս գալով ՛՛ռազբիրատի՛՛: Այդ անգամ էլ Բալասանյանը նշել էր, որ նման բաներ բոլոր տեղերում, այդ թվում՝ Ազգային Ժողովում էլ եղել են:
Գյումրեցիները զարմացած են, թե ինչու այս մարդը բոլոր վատ երևույթների համեմատությունը բերում է ԱԺ օրինակով:Կամ նա չի հասկանում ինչ է ասում, կամ միտումնավոր սևացնում է երկրի գլխավոր օրենսդիր մարմինը:
Այս միջադեպը վկայում է, որ Գյումրու ավագանու կազմը ևս բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում Ս.Բալասանյանի նկատմամբ:Իսկ գյումրեցիներն էլ առակ են հորինել, ասում են.Բալասանյանի իմացած ամենազիլ ժողովը՝Ազգայինն է, ամենալավ խմիչքը՝ գարեջուրը, ամենալավ ՛՛նախագահ ջանը՛՛՝ Գագիկ ՝Ծառուկյանը:
Նյութը վերցված է "Գյումրին ես եմ" քաղաքացիական նախաձեռնության էջից: