Գյումրվա ընտրությունների աղմուկը չի հանդարտվում: «Հրապարակ»-ը գրում է, որ նոր տեղեկություններ են ստացվում գյումրեցիների կողմից քվեաթերթիկների վրա արված գրառումների մասին, որոնք աչքի են ընկնում ոչ միայն հումորով, այլև տարբեր թեկնածուների հասցեին վիրավորական արտահայտություններով:
Հանձնաժողովների անդամներից մեկը թերթի թղթակցին պատմել է, որ եղել են ռեպլիկներ գործող քաղաքապետի, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի, ԲՀԿ-ականներ Մարտուն Գրիգորյանի և ընտրված քաղաքապետ Սամվել Բալասանյանի հասցեին: Վարդան Ղուկասյանի հասցեին գրել են. «Վերջը քեզնից պրծանք», «Այ սուտի հավատացյալ, քանի՞ դիակ կա վրեդ», «Այ շիզոֆրենիկ, պրծանք քեզնից»: Սուքիաս Ավետիսյանի հասցեին. «Սուքո, էս ի՞նչ խաղեր կուդաս Հոսոյի համար», Մարտուն Գրիգորյանի մասով հիմնականում եղել են ԲՀԿ-ին դավաճանելու և այլ թեկնածուի պաշտպանելու մեղադրանքներ, իսկ Բալասանյանի մասով արդեն անդրադարձել ենք:
«Քվեաթերթիկների վրա նշումները լուրջ նյութ են տալիս մեր ժողովրդի հոգեբանական վիճակի, ընտրական տրամադրությունների և իշխանությունների նկատմամբ վերաբերմունքի մասին»,- հավելում է «Հրապարակ»-ը: