▲ Դեպի վեր

Суббота, 15.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Այո, տալու ենք...». Նիկոլ Փաշինյան

Բացառո՞ւմ եք, որ Մեղրիով միջանցք եք տալու Ադրբեջանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց լրագրողը․« Ուղիղ հարց եմ տալիս` բացառում եք, որ Ադրբեջանին Մեղրիով երբևիցե միջանցք կամ ճանապարհ տալը»:

«Ես ոչ միայն չեմ բացառում այլև հաստատում եմ, որ ՀՀ-ն պատարաստ է տնտեսական և տրանսպորտային հաղորդակցման բոլոր ուղիները ապաշրջափակել, այդ թվում` Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` ՀՀ ինքնիշխանության, իրավազորության և տարածքային ամբողջականության շրջանակներում: Եվ դա հստակ ձևակերպել եմ բազմիցս»,-ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

***

Արդյո՞ք խաղաղության պայմանագրում կա դրույթ, որը վերաբերում է արցախյան պատերազմներին մասնակցած՝ ՀՀ-ում գտնվող մարդկանց Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ Բաքվից հնչած հայտարարությանը․ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Այն, ինչ պետք է լինի խաղաղության համաձայնագրում, արդեն կա խաղաղության համաձայնագրում: Ուզում եմ ընդգծել, որ խաղաղության համաձայնագրում միակողմանի ոչ մի դրույթ չկա. սա շատ կարևոր ընդգծում է: Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերում է ՀՀ-ին և չի վերաբերում Ադրբեջանին. դա է պայմանագրի էությունը, և ցանկացած իրադրության առումով կարելի է նման մեկնաբանություններ անել: Ես հիմա ուզում եմ ասել նաև, որ, ըստ էության, այդպիսի մեկնաբանություն չեմ տեսել, նաև չեմ մեկնաբանի ձեր փոխանցմամբ, որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն:

Արտահանձնման վերաբերյալ որևէ դրույթ խաղաղության համաձայնագրում չկա»:

***

Սահմանադրության փոփոխության հետ կապված Բաքվի հետ որևէ քննարկում հայկական կողմն ունի՞: Լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցին ի պատասխան նշեց․ «Ո՛չ, չունի դրա հետ կապված քննարկում։

Նախ՝ մեր դիրքորոշումը ես արտահայտել եմ, որ մենք կարծում ենք, որ առավել ևս ՍԴ նախորդ տարվա սեպտեմբերի որոշումից հետո ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ: Երկրորդը՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի սահմանադրությունում կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ: Բայց այս բոլոր հնարավոր ընկալումների հետ կապված՝ կա հիմա արդեն նոր իրողություն: Այդ նոր իրողությունը խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստի առկայությունն է: Իսկ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը բոլոր այդ մտահոգությունները հասցեագրում է, լուծում է: Եվ մենք հիմա առաջիկա քննարկումներում կփորձենք Ադրբեջանի հետ խոսել այս հարցի վերաբերյալ և տեսնել՝ որն է նրանց դիրքորոշման հիմնավորումը․․․

Խաղաղության համաձայնագրի նախագծի առնվազն 3 հոդվածներում այդ խնդիրներին անդրադարձ կա, և այդ հարցերը լուծված են»:

«Իրենք իրենց դիրքորոշումն ասել են, ասել են, որ խնդիր են տեսնում, մենք էլ ասել ենք, որ մենք մեր ներքին հարցերը չենք քննարկում: Սահմանադրության հետ կապված հարցերը մեր ներքին հարցերն են, և մենք դա Ադրբեջանի հետ չենք քննարկում»,- հավելեց Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее