Շիրակի մարզում ընթացքի մեջ է Հայրենյաց-Հայկասար-Տուֆաշեն ճանապարհահատվածի հիմնանորոգումը: Շինարարությունն իրականացվում է Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհներ» ծրագրով: Մոտ 9 կմ երկարություն ունեցող միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման համար հատկացվել է 1 միլիարդ 200 միլիոն դրամ:Ընթացող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Շիրակի մարզ այցելած Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ մեծ ուշադրությամբ եւ պատասխանատվությամբ են հետեւում աշխատանքին:

Որակի կամ ժամկետի շեղում չի լինելու: Շինարարները հստակ տեղեկացված են՝ աչք փակել այլեւս չկա, բոլոր թերացողները կպատժվեն ըստ արժանվույն: Նախարարը գյուղից հետո Գյումրիում էր: Ընթացող փողոցաշինական աշխատանքներին ծանոթացավ Տիգրան Մեծ փողոցում, որտեղ ասֆալտապատում է իրականացվում: Հիշեցնենք, սա այն փողոցն էր, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 5-ի այցի ժամանակ նկատողություն արեց շինարարին սխալ աշխատանքի եւ հետիոտների ու վարորդների համար ստեղծած խնդիրների հետ կապված:

«Եթե շինարարություն ենք սկսում, կապ չունի՝ ինչ շինարարություն է, պետք է մտածենք միջավայրի մասին: Հիմա, ասենք էդ շինարարությունը մի տարի տեւեց, մենք գյումրեցիներին ասում ենք՝ գնացեք Գյումրիից, մի տարուց հետո կգա՞ք: Էդ մի տարվա ընթացքում պարտավոր եք իր միջավայրն ապահովեք: Հիմա մեր բոլոր շինհրապարակների 90 տոկոսն աղբանոց է: Բայց մենք նորմեր ունենք, չէ՞: Բերեք գնանք Եվրոպա, ցանկացած տեղ: Տեսնենք նման վիճակ որտե՞ղ կա, որ մայթը քանդեն, քաղաքացին քայլելու տեղ չունենա»,-զայրացել էր վարչապետը: Այդ այցից մի քանի օր անց հետիոտների անցումների համար որոշակի հարմարություններ ստեղծվեցին: Այսօր արդեն խնդիր չկա, գործն ասֆալտապատմանն է հասել: Այս փողոցում միակ խնդիրը փողոցին կից գտնվող տնակի հետ էր կապված: «Այս ասֆալտին տնակը չի սազում, հանեք»,-ասաց նախարարը:

Սամվել Բալասանյանն էլ տեղեկացրեց, որ անօթեւան ընտանիք է այդտեղ բնակվում: Որոշվեց խնդիրը քննարկել, արագ գտնել լուծումը: Ընդհանուր առմամբ Գյումրիում հիմնանորոգվող 3 փողոցից 70 տաղավար է հանվել: Գործընթացն ըստ քաղաքապետի, շարունակական է:


