«Հրապարակ»-ը գրում է․ «Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի` հունիսի 13-ին տված հարցազրույցից 8 օր անց իրավապահները հարձակում գործեցին Արցախի ներկայացուցչության վրա, կոտրեցին դարպասներն ու բակից առգրավեցին Շահրամանյանի ծառայողական ավտոմեքենան, որն Արցախի սեփականությունն է։ Նման փորձ Քննչական կոմիտեն արել էր դեռևս հունիսի 7-ին։ Սակայն քննիչներին չէր հաջողվել մեքենան տանել ներկայացուցչության բակից՝ դատարանի համապատասխան որոշում չունենալու պատճառով։ Այդ որոշումը չկար նաև երեկ, սակայն դա չէր խանգարել իրավապահներին՝ կոտրել ներկայացուցչության դարպասներն ու էվակուացնել մեքենան։ Սա Արցախի համայնքապետերի դեմ ուղղված քրեական հետապնդումների օրգանական շարունակությունն է։ Մեր հարցմանն ի պատասխան, ՀՀ քննչական կոմիտեից մեկնաբանեցին․ մեքենան առգրավելու որոշումը կապված է դեռ տարեսկզբին հարուցված մի քրեական վարույթի հետ՝ «էական նշանակության հանգամանքներ պարզելու համար»: Տարեսկզբին այս մեքենայից իջեցրել ու բերման էին ենթարկել Սամվել Շահրամանյանի՝ հասարակական հիմունքներով օգնական Աշոտ Դանիելյանին, ապա մեկ օր ՁՊՎ-ում պահելուց հետո ազատ էին արձակել։ Գործով վարույթը շարունակվում է, Դանիելյանին մեղադրանք չի առաջադրվել։ Այս գործով փաստաբան Ռոման Երիցյանը պնդում է՝ հիշյալ քրեական վարույթի շրջանակում մեքենան առգրավելը որեւէ իրավական հիմք չունի։ Երիցյանի խոսքով, երբ Աշոտ Դանիելյանին փետրվարին ձերբակալել էին՝ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, մեքենան եւս առգրավել էին, խուզարկել, ապա վերադարձրել տիրոջը։ Ամիսներ անց կրկին առգրավել են՝ պատճառաբանելով, թե մեքենայի համարանիշը փոխվել է, նախկինում ծառայողական էր: «Այսօր մեքենան առգրավելու որոշում ցույց չեն տվել, ոչ էլ մեզնից են թույլտվություն հարցրել՝ ներկայացուցչություն ներխուժելու համար։ Ի՞նչ կապ ունի նախագահին սպասարկող մեքենան այդ քրեական գործի հետ, որևէ պատճառաբանություն չկա։ Ես առաջարկել էի սպասել, մինչև մոտենամ ու հասկանամ, թե ինչ է կատարվում, սակայն իրավապահները ցանկացան իրենց ուժը ցույց տալ և այն, որ ներկայացուցչությունում գտնվող անձինք իրենց համար որևէ նշանակություն չունեն»,- ասաց Երիցյանը։ |
Այս գիշեր Փաշինյանը երևի հանգիստ կքնի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet