Այսօր կառավարության կայքը հաղորդագրություն տարածեց, համաձայն որի` Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։

168.am-ն Օնիկ Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանին հարցրել է, թե ո՞րն է լինելու իրենց հաջորդ քայլը։ «Այսօր հաղորդում կտանք հանցագործության մասին, զուգահեռ կճանաչենք Արտակ Դավթյանի` ԳՇ պետ լինելու իրավահարաբերության բացակայությունը ու կմիջնորդենք հայցի ապահովման 2-րդ միջոցը կիրառել հենց այդ մասով»,- ասել է Հովհաննիսյանը։
Հավելենք, որ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդես է եկել ուղերձով, որում ասված է.
«44-օրյա հերոսական և անձնուրաց պատերազմից հետո մեր երկրի և Արցախի անվտանգության համակարգի վերագնահատման և ամրապնդման ուղղությամբ սկսված աշխատանքների շարունակականությունն ապահովելու, արտաքին սպառնալիքները չեզոքացնելու առումով ՀՀ զինված ուժերը կատարել և շարունակելու է կատարել իր առջև դրված խնդիրները։
Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։
ՀՀ զինված ուժերը, ունենալով Կառավարության ենթակայության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սահմանադրական կարգավիճակ, քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն՝ բացառապես առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու բացառիկ պարտականությամբ»:


