Ինչքան համաներումը մարդասիրական քայլ է հանցագործների նկատմամբ, այդքան էլ մարդասիրական պետք է լինի հանցագործություններից տուժածների նկատմամբ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31–ին, խորհրդարանում Համաներման մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց հարակից զեկուցող, ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը։

«Մենք չենք կարող հաշվի չառնել այն ծնողի կարծիքը, որի որդին հաշմանդամ է դարձել հանցագործության կատարման հետեւանքով, կամ որդուն կորցրած ծնողի կարծիքը։ Օրինակ, առաջին հայացքից կարող ենք ասել՝ մի փոքր գողություն է կատարել, սակայն, մի մոռացեք, որ այդ նույն առարկայի արժեքը կարող է փոքր լինել, սակայն, տուժողի համար կենսական նշանակություն ունենա։ Ես միշտ հետեւյալ օրինակն եմ բերում։ Լոռու մարզում մի ծեր կնոջից գողացել էին երկու կով, որը կենսական նշանակություն ուներ այդ ընտանիքի համար։ Հանցագործության կատարումից ընդամենը 6 ամիս անց այդ անձը համաներման արդյունքում ազատվել էր պատասխանատվությունից, իսկ տուժողը մինչեւ այսօր նյութական հատուցումը չի ստացել»,– ասաց նա։
Գևորգ Կոստանյանը վերջում հավելեց, որ սա շատ լավ նախագիծ է։
Նշենք, որ համաներման նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 71 կողմ ձայնով։


