▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսքանից հետո ասում եք «Արի՛ Տուն»....

Asekose.am-ը ներկայացնում է ԱՄՆ-ում բնակվող  Գ.Խաչատրյանի նամակը`պատրաստակամություն հայտնելով ներկայացնել նաև Նոր Նորք վարչական շրջանի համայնքապետարանի տեսակետը դեպքի առնչությամբ:Նամակն ամբողջությամբ` ստորև:

... Երկար տարիներ է, ինչ ընտանիքով բնակվում ենք Միացյալ Նահանգներում:

Երևանում ունեմ բնակարան` Նոր Նորքի վարչական շրջանի 3-րդ զանգվածում: Երկար տարիների բացակայությունից հետո, 2011 թվականից մինչ այսօր պայքարում եմ  իմ ընտանիքի նկատմամբ տեղի ունեցող անարդարության ու ապօրինության` մի  թերուսի՝ թաղի խուլիգանի, և, միաժամանակ, համայնքատիրության ղեկավար Մոսոյի և մի քանի ամիս էլ նրա դուդուկի տակ պարող Նոր Նորքի  վարչական  շրջանի ղեկավարության դեմ:

2011 թվականին վերադարձա Երևան: Բացելով բնակարանի դուռը՝ մնացի զարմացած: Ամբողջ բնակարանս վերածվել էր ավերակի՝ խոնավությունից տարատեսակ  միջատներ էին վխտում թափված գաջերի, թրջված ու պոկված պատի պաստառների վրայով: Խոհանոցում խոնավությունից պատից պոկվել էր ջրատաքացուցիչը ու ընկել գետնին, լողարանի և միջանցքի պատն էր անգամ փլվել: Բնակարանը, ժամանակին քրտինքով ու չարչարանքով էի ստեղծել, որպես իմ ընտանիքին պատկանող փոքրիկ անկյուն:

Նշեմ, որ բնակարանս այդ վիճակին են հասցրել նույն մուտքում բնակվող Մովսես Խորենացու թիվ 143 դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհի Սահականուշ Զուռնաչյանին պատկանող, իմ վերևի հարկի բնակարանում ապրող,  հաճախակի փոփոխվող բնակարանի տնվորները, որոնք պարբերաբար ջրի ծորակը անփութորեն բաց թողնելու հետևանքով ավերել էին բնակարանս՝ ինձ պատճառելով  խոշոր չափերի հասնող վնաս:

 2011 թվականին դիմեցի համատիրության ղեկավար Մովսես Գեւորգյանին,

(Մոսոյին), ով եկավ, տեսավ ու ,,եզրակացրեց,,, որ ոչ թե երրրորդ հարկի

բնակչի անփութության պատճառով է ջուրը լցվել իմ բնակարան /իմ բացակայության ժամանակ/, այլ…երկրորդ հարկի իմ բնակարանից ջուրը բարձրացել ու լցվել է  երրորդ հարկի բնակչի տուն: Սա իսկական գոգոլյան սարկազմ է հիշեցնում, երբ  նրա հերոսներից մեկը պնդում է, թե ՝ «Դու ինքդ ես քեզ ծեծել»:

Ամենավառ երեւակայություն ունեցող մարդն անգամ չի կարող պատկերացնել, որ երկրորդ

հարկից ջուրը կարող է «բարձրանալ» եւ լցվել երրորդ հարկի բնակարան: Ինչ սպասես 8-րդ դասարանի կրթություն ունեցող համատիրության ղեկավարից, որ նման նոնսենս «եզրակացության» է հանգել:

Այսպիսի անամոթություն եւ լպիրշություն երեւի միայն Հայաստանում է հնարավոր տեսնել:

Նույն Մոսոն,  ով, նախկինում, անգամ ծխախոտի գումար չուներ եւ ուրիշների ծխախոտն էր շարունակում ծխել, բայց արի ու տես համատիրության ղեկավար դառնալուց հետո, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի անմիջապես դիմացի փողոցի վրա այսօր բիզնեսներ ունի /խորտկարան, մրգի խանութ և այլն... Այն, որ Մոսոն լինելով շա՜տ մտերիմ Սահականուշ Զուռնաչյանին, պաշտպանում է նրան՝ դա ակնհայտ է: Նրան թույլ է տվել անգամ ապօրենի զավթելու մեր շենքի սկզբնամասի աջ կողմում գտնվող հանրային տարածք համարվող հողակտորը /50 ք.մ./ և նվիրել վերջինիս, ով առանց սեփականաշնորհման անմիջապես ցանկապատել է այն եւ իրենով արել, այն դեպքում,երբ այդ հողատարածքը  հանրային տարածք է և պատկանում է շենքի բնակիչներին:

Զարմանալի է, միթե թաղապետարանը չի տեսնում, նաև չի կատարում քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն հրահանգը, որ պետք է անօրինական ցանկապատները մաքրվեն, հանվեն, երբ այդ հողատարածքը հանրային է: Ինչեւէ, տեսնելով ,որ համատիրության ղեկավարը ոչինչ չի անում, բացառությամբ վնաս  հասցնողի բերանում «լեզու» դնելով ՝ թե վնասը իմ բնակարնից է՝ այլ ոչ թե վերևի հարկից,  Մոսո կոչված բռին, ցինիկաբար երեսիս է շպրտում, թե՝ ,«Մի բանկա ներկ ա, կտամ՝ ներկեք»: Ստիպված եղա իմ միջոցներով փոքր-ինչ գաջել բնակարանս, սակայն, երբ ,ավելի ուշ 2013-ին վերադարձա՝ տեսա, որ տունս նորից ավերածությունների է ենթարկվել, ողջ գաջը ջրելուց նորից ճաքեր էր տվել: Տան գույքս խոնավությունից փչացել էր, անգամ պոկվում է սանգանգույցի, խոհանոցի սալիկներն ու ամբողջ հատակին կպցրած մարմարե քարերը, սանհանգույցի կախովի առաստաղը: Նորից մաքրեցի բնակարանս՝ թափված գաջերից:

Միջանկյալ նշեմ, որ իրեն մանկավարժ հորջորջող կինը՝ Զուռնաչյան Սահականուշը, նույն թաղամասում ունի մի քանի բնակարան, որոնք մոտ քսան տարի է տալիս է վարձով, ստանանալով խոշոր չափերի հասույթ՝ խուսափելով հարկային դաշտից: Իհարկե, դա իմ խնդիրը չի, այլ հարկային դաշտի:  Պարզապես լավ չէ, երբ հանուն իր գրպանի ՝ վնաս է հասցնում հարևանին: Այս դեպքում, սա արդեն իմ խնդիրն է՝՝նրանից պահանջելու հասցրած վնասի փոխհատուցումը:

Տեսնելով, որ Մոսո  կոչվածը շարունում է կոծկել իրավիճակը՝ գնացի Նոր-Նորքի վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի մոտ:  Վերջինիս տեղում  չգտնելով՝ դիմեցի տեղակալին՝ Արմեն Ալավերդյանին: Պարզվեց, վերջինս ավելի նողկալի ու ցինիկ անձնավորություն է: Ինձ նույնիսկ չկամեցավ լսել, միջանցքում ոտքի վրա միայն ասաց, թե՝ թողեք ձեր համարը՝ կգանք, կնայենք:

Ավելի ուշ՝ իր աշխատակիցներին ուղարկեց, որ նայեն իմ բնակարանը, որոնք ապշեցին համատիրության նախագահի «եզրակացությունից», թե «ջուրը ներքեւից է բարձրացել վերեւ»: Մի խոսքով, ասացին, թե իրենք եզրակացություն կգրեն՝ ներկայացնելու, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Մինչ օրս սպասում եմ այդ եզրակացությանը, այն դեպքում, երբ բնակարանը այդ աղետի հետեւանքով պատերի  մեջ ամբողջովին հոսանքազրկվել էր, եւ, եթե, տեսնեք նկարները՝ հաստատ կկարծեք, որ այնտեղ ռմբակոծություն է եղել:

2013-ի օգօստոս ամսին՝ Միացյալ Նահանգներ վերադառնալուց անմիջապես հետո, փաստաբանս գրավոր հարցում ուղարկեց Նոր Նորքի վարչական շրջանի պատասխանատուններին՝ իրենց կողմից ուղարկված մարդկանց կայացրած եզրակացության պատասխանը ստանալու խնդրով: Անցել է ուղիղ երկու ամիս՝ «Ձայն  բարբառո հանապատի»:Մեկ ամիս  առաջ զանգահարեցի թաղապետարանի ընդանուր  բաժին՝ տեղեկանալու, թե ինչումն է խնդիրը կայանում, որ նամակին չեն պատասխանում: Վերջիններս էլ պատասխանեցին, որ նամակը փոխանցել են Մոսոյին, իրենից էլ սպասեք պատասխանը: Ահազանգիցս անմիջապես հետո Մոսոն իր  բանվորներով գնում է իմ տուն, նորից նույն երգն երգելով՝ թե կպատասխանեմ, կրկին էլի սպասում եմ:

Համբերությանս բաժակի սահմանգիծը հատելով, գրավոր խնդրանքով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ՝ օգնելու այս խնդրի շուրջ և հասկանալու Նոր  Նորք վարչական շրջանի ղեկավարության բյուրոկրատական այս քաշքշուկը:   Քաղաքապետարանից  էլ պատասխան չստացա: 

1Օ օր առաջ ֆբ-ով տեղադրեցի ավերված բնակարանիս 2011 և 2013 թվականի  նկարներ՝ իրենց մեկնաբնություններով: Չանցած 3Օ րոպե, Երևանի ժամանակով ,կեսգիշերվա ժամը 2-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը ընտանիքիս անդամի ֆեսբուքյան անձնական էջում սպառնալիքով և  սեռական բնույթի խոսքեր շաղ տալով հոխորտում է՝ ասելով.«.... հանիր էդ տան նկարները, մեկնաբանություններն էլ ջնջի, հակառակ դեպքում՝ գըմփոցդ եմ հանելու» ու շատ վատ բառեր: (Ապացույցը կա):

Մի քանի օր առաջ, կրկին Մոսոն, և այս անգամ թաղապետարանից նաև մի քանի պաշտոնյա, Ալավերդյանի ղեկավարությամբ  գնում են իմ տուն և փաստաբանիս ասում, որ մի քանի օրից՝ նամակին կպատասխանեն և միևնույն ժամանակ լուսանկարում են ամբողջ բնակարանս՝ առանց տան տիրոջ իրավունքը  ստանալու:        

         Այստեղից երկու հարց է ծագում ՝

       1. բարոյական և իրավական տեսանկունից, ո՞ր նորմերի իրավունքով եք կատարել ամբողջ բնակարանիս լուսանկարումը , ինչ՞ նպատակով ,

        2. ամսվա մեջ քանի անգամ Մոսոն պետք է գնա ու գա իմ տուն իր բանվորներով, մինչև նամակին «ֆանտաստիկ» ժանրով իր պատասխանելը:

        Պարզից էլ պարզ է, որ ինձ «ապուշի» տեղ են դնում՝ այս անգամ վարչական շրջանի ղեկավարության մակարդակով: Եթե, այդպես եք վարվում ՝ ասեմ....

    «Ասում են ՝ Նոր Նորքի թաղապետարանը մի կառույց է, որտեղ աշխատում են խնամի-բարեկամ սկզբունքով, որտեղ նույն Ուլիխանյանն ու Ալավերդյանը քավոր-սանիկ են, որտեղ միայն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը որպես իր օգնական՝ գործավարներ է պահում երկու հոգու: Ինչի՞ համար՝ հայտնի չէ, երբ իրականում գործում են ոչ թե ի շահ, այլ ընդդեմ բնակչի: Մի կառույց, որտեղ նույն Ուլիխանյանը իր հարազատ քեռուն ՝ Արտակ Այվազյանին  է  նշանակել է «Նոր-Նորք» հիմնադրամի նախագահ, փողի «պունգալին» մյուս քեռուն՝  Վահագն Պապիկյանին (ԱԱԾ-ի նախկին աշխատակից ) թաղապետարանի իրավաբանական բաժնի պետ,.... եւ, ընդհանրապես՝ սա մի կառույց է, որտեղ հավաքվել են ծանոթ-ազգականներով եւ սպասարկում են ոչ թե շրջանի բնակիչների, այլ՝ իրենք  իրենց շահերը:

Ալավերդյանի մի գործավարուհու՝ Շուշանիկի «առաքելությունը»  մանկապարտեզների տնօրենները լավ են հասկանում թե ինչում է կայանում, իսկ մյուսն գործավարուհին՝ Անուշիկը, ինչպես շատերն են ասում ՝ «շեֆի հանգստի սենյակի համար է»: Ինչ վերաբերում է Վարչական շրջանի ղեկավարին՝ Ա. Ուլիխանյանին՝ հարգանքով եմ վերաբերվել ի սկզբանե, երբ նա քաղաքապետարանի առողջապահության վարչության պետն էր, բայց այս խնդրին լուծում տալու մոտեցման փոխարեն իր ենթակայության տակ աշխատող անձինք՝ անցան բոլոր անմարդակային սահմանները՝ իհարկե իր թույլտվությամբ և իր թողտվությամբ, ինչպես Նոր Նորքի թաղապետարանից են ասում Ուլխանյանն ու Ալավերդյանը նույն մարդն են՝ ամեն առումով: Դե, իհարկե, Ուլիխանյանը ժամանակ չունի  քաղաքացու խնդրով զբաղվելու, ասում են ՝ մարդը բիզնեսներ ունի, նրա հոգսը ոչ թե բնակիչներն են , այլ սեփական բիզնեսները: Դեռևս քաղաքապետարանում աշխատած ժամանակահատվածում կոպեկներով գնել է Ջրվեժ տանող ճանապարհի վրա գտնվող շտաբ օգնության ավտոկայանատեղին, տարածքում ստեղծելով այլ բիզնեսներ եւ հիմանականում այդ գործերով է զբաղված իր «հայրը»: Միգուցե նախագահն էլ տեղյակ չի այդ մասին: Ասում են, որ ամիսներ առաջ էլ 4-րդ զանգվածում գտնվող Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենին է անհիմն ազատել աշխատանքից՝ փոխարենը նշանակելով ոչ մասնագետ իր կնոջը: Ասում են, որ Նոր Նորքի Գալշոյան փողոցում Ա. Ուլիխանյանը ներկայումս ապօրինի շինարարություն է սկսել իր տան շենքի դիմացն ու կողքը ՝  խաղահրապարակի հաշվին՝ այնինչ՝ իր սեփական խանութն է կառուցում: Թեպետ վերոթվարկածներս ինձ չեն հետաքրքրում ՝ պարզապես լավ կլիներ, որ  Ա. Ուլիխանյանը բարձիթողի վիճակում չմատներ վարչական շրջանը: Ի դեպ` նախկինում ունեցել ենք թաղապետեր՝ հանձինս հարգարժան Մկրտիչ Մինասյանի, վաղամեռիկ Դավիթ Պետրոսյանի և Մելիք Գասպարյանի, որոնց մասին շենքի բնակիչները գովեստով և հարգանքով են խոսում:

Զարմանալ կարելի է, տարիներով լսում ենք, թե իբր գործում է «Մեկ պատուհանի» սկզբունքը, այնինչ, ինձ ՝ բնակչիս, հարկատուների փողերով աշխատող քաղաքային իշխանությունն իր անտարբեր ու ցինիկ վերաբերմունքով դուրս է շպրտում  հենց նույն այդ «պատուհանից»: Այս համատարած ամենաթողությունը երբ է վերանալու՝ հայտնի չէ:

Պարզապես վիրավորված եմ զգում, որ բնակվելով 3Օ տարի նույն տարածքում, Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարությունը բնակչի նամակը ոչ միայն բաժնից մեկ այլ բաժին է շպրտում ՝ այլ, նաև, միանալով համայնքատիրության ինքնակոչ նախագահ մոսոյի ջրերը՝ զբաղվում են  ժոնգլյուրարությամբ ՝ անպատկառ մոտեցում դրսևորելով  բնակչի հանդեպ:

Մի խոսքով ՝ Նոր Նորքի թաղապետարանում ամենաթողություն է տիրում ոչ միայն ներքին, այլ նաև այլեւ վերին օղակներում : Ուստի, ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ հիշեցնելու հոդվածիս վերնագիրը՝ ինչպես շատերն են ասում: Միշտ էլ արդար, և ոչ արդար գործերը ենթակա են քննադատության, որի պատճառով էլ լինում են ընդհարումներ: Ճիշտ է նա, ով սեփական արդարության համար, կգնա մինչև վերջ: Հարկ եմ համարում նշել, որ ես գնալու եմ մինչև վերջ, ու թաղապետարանի ղեկավարի տեղակալին և համայնքատիրության նախագահին՝ օգտվելով մսյո Ալավերդյանի «հարուստ» բառապաշարից նրանց դնելու եմ փրփրագմփիկի շշի մեջ, ու խցանի «գմփոցով» նրանք դուրս  են  թռչելու իրենց զբաղեցրած պաշտոններից:

 

 Հ.Գ.

- Դիմում եմ ՀՀ նախագահին՝ Նախագահի վերահսկողության բաժնին,  ՀՀ վարչապետին, ՀՀ Սփյուռքի նախարարին, Երևան քաղաքի քաղաքապետին, պարզելու՝ միթե այսպես են կառուցում «Ապահով Հայաստանը»   որի բնակիչը դատապարտված է լքելու սեփական երկիրը, սեփական բնակարանը ՝ այն պատճառով, որ համատիրության ղեկավարից մինչեւ վարչական շրջանի ղեկավար չեն ցանկանում լսել տուժած քաղաքացու խնդիրը եւ փորձել աջակցել նրան, հետո ասում եք «Արի՛ Տուն»....

Գ. Խաչատրյան

Միացյալ Նահանգներ

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее