Երեկ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 6-ին Նյու Յորքի Դաշնային դատարանը մի վճիռ է կայացրել, որով ՀՀ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը պարտավոր է հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի վճարել 37.5 մլն դոլար: Այս գործը ժամանակին մեծ հնչեղություն էր ստացել, բնապահպանության նախարար Վ. Այվազյանը հայտնվել էր մեծ սկանդալի կենտրոնում, «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ԱՊԸ-ն նրան մեղադրել էր մի քանի միլիոն դոլար կաշառք պահանջելու մեջ:
«168 ժամ»-ը գրում է, որ առանց այս գործի մանրամասների մեջ խորանալու, կարելի է արձանագրել, որ ամերիկյան դատարանի այս վճիռն ուղղված է ոչ այնքան Վ. Այվազյանի, որքան ՀՀ իշխանությունների դեմ: Վ. Այվազյանը պատահական մարդ չէ Հայաստանի իշխանական համակարգում: Բացի այն, որ նա իշխող կուսակցության անդամ է, պատգամավոր, նաև խորհրդարանի կարևորագույն հանձնաժողովներից մեկի` Աժ Տնտեսական հանձնաժողովի նախագահն է: Ամերիկացիների տեսանկյունից` նա Հայաստանում որոշումներ կայացնողներից մեկն է, ուստի նրա նկատմամբ նման խոշոր դրամական պահանջ պարունակող վճռի կայացումն ուղղված է նաև ՀՀ իշխանությանը: Այս վճիռը նաև Հայաստանի իշխանությունների` բարեփոխումների մասին տարիներ շարունակ հնչող դատարկ հայտարարությունների պատասխանն է: Վ. Այվագյանի մասնակցությամբ այդ միջադեպը տեղի է ունեցել 2006թ.: Դրանից հետո նա ոչ միայն Հայաստանում որևէ պատասխանատվության չի ենթարկվել, այլև պահպանել է սոցիալական կարգավիճակը` մաս է կազմում իշխող քաղաքական վերնախավին: Այս վճռով ամերիկացիներն անուղղակիորեն նախագահ Սերժ Սարգսյանին ակնարկում են, որ վերջին խորհրդարանական ընտրություններում նա իր գլխավորած համամասնական ցուցակում ընդգրկել և պատգամավոր է դարձրել մեկին, ում մեղադրել են խոշոր կոռուպցիոն գործարքի մեջ լինելու համար:
Մյուս կողմից` այս վճիռն ուղղված է նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ (քանի որ Վ. Այվազյանը պաշտոնավարել է հենց նրա նախագահության շրջանում), ով նաև հետաքրքրություններ և ներգրավվածություն ունի հանքարդյունաբերության ոլորտում:
Անկախ դրանից, սակայն, այս վճռի առաջին «հասցեատերը» գործող իշխանությունն է, ում մասն է կազմում Վ. Այվազյանը: Իրականում այս վճիռը խայտառակություն է Հայաստանի Հանրապետության, նրա իշխանությունների, վերջին հաշվով, նաև հասարակության համար: Ու պատահական չէ, որ Նյու Յորքի դատարանի վճռի մասին տեղեկատվության հրապարակումից հետո ՀՀԿ-ականները կամ ընդհատակ են անցել ու խուսափում են իրենց կուսակցական ընկերոջ անվան հետ կապված այս պատմության վերաբերյալ մեկնաբանությունից, կամ ջղաձիգ արտահայտություններ են անում: Նրանց կարելի է հասկանալ, ի՞նչ կարող են ասել նման դեպքում` որ Նյու Յորքի դատարանը անարդար վճի՞ռ է կայացրել, որ դա քաղաքական պատվե՞ր է, թե՞, որ իրենց խորհրդարանական ներկայացուցիչը կոռումպացված է: Կամ գուցե Անվտանգության խորհրդի ևս մեկ նիստ գումարեն ու «արժանի հակահարված» տան ամերիկյան արդարադատությանը: Հակառակ դեպքում` Վ. Այվազյանը պետք է առնվազն հրաժարվի պատգամավորական մանդատից: