▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասը կանցնի՞ ՌԴ-ի հսկողության տակ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱՄՆ-ում ավարտվեցին նախագահական ընտրությունները, կրկին նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը։ Շատ փորձագետներ վստահ են, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներն իրենց ազդեցությունն են ունենալու ընդհանրապես աշխարհաքաղաքական վիճակի, այդ թվում՝ Հարավային Կովկասում և ՀՀ-ում ստեղծված ստատուս-քվոյի վրա։ 

«Փաստի» հետ զրույցում ամերիկագետ Սուրեն Սարգսյանը հիշեցնում է, որ Թրամփի պաշտոնավարման առաջին չորս տարին տեսել ենք այս տարածաշրջանի նկատմամբ պասիվ քաղաքականություն, բայց հիմա իրավիճակը մի քիչ այլ է: «Միացյալ Նահանգները գոնե վերջին չորս տարին այստեղ ակտիվ աշխատել է, ակտիվ ներգրավվածություն է ունեցել հայադրբեջանական բանակցություններում: Չեմ կարծում, որ Թրամփն ընդհանրապես մեզանով չզբաղվի, ինչպես չէր զբաղվում չորս տարի առաջ՝ իր նախագահության օրոք: Որոշակի ակտիվություն կարող է լինել այս ուղղությամբ՝ մասնավորապես պայմանավորված նաև այն հանգամանքով, որ իր շրջապատում հիմա կան մարդիկ, որոնք հայկական խնդիրներին քաջատեղյակ են, գիտեն ընդհանրապես, թե որտեղ է, այսպես ասենք, Հայաստանը, ինչ խնդիրներ ունի և այլն»,-ասում է նա: 

Թեմային անդրադարձել է նաև «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը, որը հայտնի է իր վերլուծություններով: Ըստ հեղինակների, Թրամփի համար առաջնահերթություն են լինելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, ուկրաինական պատերազմն ու Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները։ «ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հայտարարել է, որ իր համար առաջնահերթ են լինելու պատերազմների դադարեցումն աշխարհում։Ուկրաինական պատերազմի ավարտը նշանակելու է ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում նոր էջ՝ աշխարհի նոր բաժանում՝ գեոպոլիտիկ ազդեցության գոտիների»,- նշված է հոդվածում: 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նշվում է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն տարիներ շարունակ վարում են հակառուսական արտաքին քաղաքականություն՝ ցանկանում են սառեցնել բոլոր ռազմաքաղաքական կապերը Մոսկվայի հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ «ԱՄՆ-ի համար ՌԴ-ն շարունակելու է հանդիսանալ գեոպոլիտիկ մրցակից, սակայն Վաշինգտոնի համար թիվ մեկ հակառակորդը Չինաստանն է և Չինաստանի աճող հզորությունը։ Թրամփը ցանկանալու է չսրել ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ հույս ունենալով, որ ՌԴ-ն՝ ուկրաինական պատերազմի ավարտից հետո կարող է վերականգնել կապերը ԵՄ-ի, Արևմուտքի հետ և չգնալ Չինաստանի հետ ավելի սերտ ռազմա-քաղաքական դաշինքի։ 

Աշխարհում ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասն անցնելու է ՌԴ-ի հսկողության տակ. ԱՄՆ-ն թույլ է տալու ՌԴ-ին ավելի խոր ինտեգրացիայի գնալ հետխորհրդային երկրների հետ, և ՀՀ-ն այս պայմաններում հայտնվելու է ռուսական ազդեցության գոտում։ Վրաստանում ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Վրաստանը չի ցանկանում կրկնել Ուկրաինայի ճակատագիրն ու դառնալ հակառուսական պլացդարմ։ Վրաստանն ու Ադրբեջանն անցնում են ռուսական ազդեցության գոտի՝ այս պահին Ադրբեջանն ունի խոր տնտեսական, էներգետիկ, քաղաքական կապեր Մոսկվայի հետ, Վրաստանը վերականգնում է ՌԴ-ի հետ կապերը՝ չնայած Արևմուտքի բողոքներին, իսկ այս ստատուս-քվոյում Փաշինյանին և ՔՊ-ին ոչինչ չի մնում, քան վերադառնալ Մոսկվայի հետ խորը դաշնակցային կապերի վերահաստատմանը։ 

Այլ պարագայում Փաշինյանն ու թիմը պետք է հրաժարական տան և ՀՀ-ում իշխանության գան ռուսամետ ուժեր, ինչպես դա եղավ Վրաստանում»,-կարծում են հեղինակները։ Նշվում է նաև, որ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում սպասվում է որոշակի ջերմացում. Ուկրաինայի ճակատագիրն որոշվելու է Պուտին-Թրամփ բանակցություններում, ինչն էլ ազդելու է Հարավային Կովկասի և ՀՀ-ի ապագայի վրա։ ԱՄՆ-ն Մոսկվային կարող է խոստանալ չփորձել հետխորհդային տարածքներից ստեղծել հակառուսական պլացդարմներ, իսկ այդ պարագայում Փաշինյանի հակառուսական հռետորաբանությունն ու ՔՊ-ի՝ ՌԴ-ի դեմ ուղղված քարոզչությունն այլևս ակտուալ և պահանջված չեն լինելու Վաշինգտոնում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее