▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային անվտանգության սպառնալիք է. ԱՄՆ դեսպանը Կարեն Կարապետյանի մասին

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը խիստ տարօրինակ, սենսացիոն հայտարարություն է արել: Խոսելով Կարեն Կարապետյանի մասին, նա ասել է. «Առայժմ ինչ լսել եմ վարչապետից՝ կոռուպցիայի խնդրին առաջնահերթություն տալու հարցում, հուսադրող է: Կարծում եմ՝ նա արձագանքում է այն խնդիրներին, որոնք լսում է հայ ժողովրդից, հայկական լրագրությունից՝ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել: Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել նաեւ, քանի որ այն կարող է խոչընդոտել Հայաստանում բիզնեսի աճին եւ ներդրումներին: Կոռուպցիան կարող է նաեւ խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ կոռումպացված պաշտոնյաներին, կոռումպացված գործարարներին Հայաստանից դուրս կարող են հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա ազդեցություն ունենալ: Կարծում եմ՝ վարչապետը տեղյակ է եւ մտահոգված է այս ամենի մասին»:

Պատրաստ ենք աշխատել իր հետ, կաջակցենք, նրա մոտեցումները հուսադրող են. դեսպանի խոսքի այս հատվածները լիովին հասկանալի են: Բայց  ի՞նչ է նշանակում հետեւյալ միտքը. «Կոռուպցիան կարող է նաեւ խնդիր հանդիսանալ ազգային անվտանգության համար, քանի որ կոռումպացված պաշտոնյաներին, կոռումպացված գործարարներին Հայաստանից դուրս կարող են հնարավորություն ընձեռել Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա ազդեցություն ունենալ»:

Ի՞նչ է ուզում սրանով ասել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը: Հիշեցնենք, մինչեւ բոլորովին վերջերս Կարեն Կարապետյանը Հայաստանից դուրս խոշոր պաշտոնյա էր: Վարչապետի պաշտոնում նշանակվելով, նրան հնարավորություն է ընձեռվել ազդեցություն ունենալ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների վրա: Կարապետյանը երկար տարիներ բարձր պաշտոն է զբաղեցրել Ռուսաստանում, որտեղ ըստ արեւմտյան կենտրոնների բոլոր հետազոտությունների, պետական համակարգն ամբողջությամբ թաղված է կոռուպցիայի մեջ: Այսինքն՝ արեւմտյան մտածողության տեսակետից, լինել ՌԴ-ում բարձրաստիճան պաշտոնյա, մեխանիկորեն նշանակում է լինել կոռումպացված պաշտոնյա:

Եթե ճիշտ ենք ըմբռնում Ռիչարդ Միլսի մտքերի ընթացքը, ուրեմն նա Կարեն Կարապետյանին համարում է ռուսական կոռումպացված պաշտոնյա, որին Հայաստանի վարչապետ նշանակելն ազգային անվտանգության սպառնալիք է: Բնականաբար, այս հայտարարության հասցեատերը միայն Կարապետյանը չէ: Սա նաեւ Սերժ Սարգսյանին ուղղված խոսք է, որովհետեւ ի վերջո Կարապետյանին նա է հրավիրել Հայաստան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее