«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը 2020թ.-ի պատերազմից հետո մի խայտառակ իրավիճակում է հայտնվել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս 44-օրյա պատերազմից ընդամենը մեկ տարի անց՝ 2021թ.-ին, դիմել է դատարան՝ իրեն պատկանող «Արմբիզնես» ՍՊԸ-ն սնանկ ճանաչելու համար, որպեսզի խուսափի հարկեր վճարելուց:
Ի դեպ, ՍՊԸ-ն գրանցված է հենց պատգամավորի բնակության հասցեում՝ Դավիթաշեն, 2-րդ թաղամաս, 40 շենք:
Ստացվում է՝ հետպատերազմական վիճակում գտնվող երկրում, երբ քաղաքացիները, հարկերը վճարելով, փորձում էին պատերազմից հետո թուլացած պետությունը, բանակը ոտքի կանգնեցնել, որեւէ օգուտ տալ,
պատգամավորը, որը տնտեսության զարգացման ջատագովն է, բոլորին հորդորում է ժամանակին հարկերը վճարել, լրիվ հակառակն է անում. ինքը իր ՍՊԸ-ն փակում է՝ հարկերից խուսափելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով փորձեց մեկնաբանություն ստանալ պատգամավորից. վերջինս նախ ասաց, որ նիստի է մասնակցում, խնդրեց մի փոքր ուշ զանգել, իսկ դրանից հետո մեր բազմաթիվ զանգեր արդեն անպատասխան մնացին»: