▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ ոստիկանապետին, քաղաքապետին և Հասմիկ Պողոսյանին՝ Լուսինե Զաքարյանի բնակարանի խնդրով

Սիրելի բարեկամներ, լուսինեասերներ և արվեստասերներ,

Հայրենիքի ու սփյուռքի մտավորականներ,

Իշխանություններ Հայաստանի,

Հայ Առաքելական եկեղեցի,

Հայաստանի բոլոր կուսակցություններ,

Ոչ կառավարական, հասարակական կազմակերպություններ,

Հայրենիք ու արվեստ գնահատող անհատներ,

Համայն հայոց ազգ՝ հայրենիքի՛ և սփյուռքի՛.

Կոչ ենք անում ձեզ՝ բոլորիդ՝ ստանձնել և լրջորեն զբաղվել Լուսինեի բնակարանը կործանումից փրկելու առաքելութամբ:
2011 թվականի նոյեմբերին բնակարանի հերթական հեղեղման ժամանակ կործանվել է երգչուհու երկրային մասունքների մեծ մասը:
Մոտ կես տարի ստորագրահավաքներով, հոդվածներով, խնդրանքով ու հուսահատությամբ դիմել ենք համայն հայությանը՝ տեր կանգնելու Լուսինեի ժառանգությանը:

Ինչպես հայտնի է բոլորիս, Լուսինեն ժառանգներ չի ունեցել...Սակայն հայ ազգն է Լուսինեի ժառանգորդը, Լուսինեն իր ողջ ժառանգությունը ազգի տնօրինությանն է հանձնել, ուստի պարտավոր ենք տեր կանգնել դրան: Սերունդները մեզ չեն ներելու մեր անփութությունը, անճարությունը և Լուսինեի ժառանգությունը բախտի քմահաճույքին թողնելու անտարբերությունը: Հարկավոր է գործել անմիջապես. օրերն ու ամիսները սահում են, իսկ գործը տեղից չի շարժվում. յուրաքանչյուր անցնող ժամը, օրը, ամիսը անդառնալի է, որոշիչ այս հարցում և կարող է ճակատագրական լինել:

Շուրջ կես տարի է, ինչ շոշափվում է հարցը տարբեր առիթներով, բայց լուծում չի գտնում այն պարզ պատճառով, որ բնակարանն ունի սեփականատեր, որը սփյուռքաբնակ է, և, ինչպես ցույց է տալիս իրականությունը, շահագրգռված չէ զբաղվելու մեզ հուզող խնդրով: ՀՀ մշակույթի նախարարությունն իր հայտարարություններում իրավունքի ոտնահարում է համարում միջնորդությամբ դիմելը Խորեն Պալյանի ժառանգին՝ Րաֆֆի Պալյանին՝ վերոհիշյալ հարցին հստակ, որոշակի մոտեցում ցուցաբերելու հայցով:

Ըստ տեղեկությունների՝ ժամանակին երջանկահիշատակ արվեստագետ զույգը՝ Լուսինե Զաքարյանն ու Խորեն Պալյանը, հիմնել են «Լուսինե Զաքարյան» հիմնադրամ: Այսօր հիմնադրամի մասին ոչ մի ակնարկ, որ մի խոսք չի հնչում որևէ մեկի կողմից. արդյոք այն գոյություն ունի, ո՞վ է տնօրինում, արդյոք վավերացված է որևէ նոտարական կամ փաստաբանական կազմակերպության կողմից, ի՞նչ ճակատագրի է արժանացել այդ հիմնադրամը: Հնարավո՞ր է արդյոք այս ամենը պարզաբանել. եթե այո, ապա սպասում ենք արձագանքի: Հարկավոր է օր առաջ, ժամ առաջ փնտրել ու գտնել այս խճճված հարցի լուծման բանալին... Տրամադիր չենք ասեկոսեների ու խարդավանքների մեջ ընկղմվելուն, պարզապես խնդրի շուտափույթ լուծման ելք ենք որոնում: «Ի՞նչ իրավունքով», գուցե հարցնեն շատերը: Պատասխանն է՝ վերը նշված իրավունքով՝ մենք ենք Լուսինեի ժառանգները, հայ ազգի հայրենանվեր զավակները, Լուսինեի զավակները, Լուսինեի արվեստի խորությունն ու վեհությունն ըմբռնող նվիրյալ արվեստասերները:

Լուսինեն սովորական երգչուհի չէր. Լուսինե-առեղծվածը կերտել է սեփական յուրօրինակ երգարվեստը՝ անկրկնելի կատարմամբ, մատուցել հայ ազգին, հպարտ պահել Հայաստանը, անմահացրել նրա հոգևոր երգի գանձանակը ու ինքն էլ դրանով անմահացել: Լուսինեն չի կրկնօրինակել որևէ մեկին, այլ իր կատարմամբ բնօրինակ է եղել: Հիշենք մեր մեկ այլ մեծի՝ Պարույր Սևակի՝ երգչուհուն տրված բնութագրումը. «Լուսինեն հայ երգարվեստի մեջ նույն դերն ունի, ինչ ճարտարապետության մեջ՝ Թորոս Թորամանյանը...»
Մեր խղճին է ծանրացած Լուսինեի բնակարանի ու երկրային մասունքների կորստյան հանելուկը, և մե՛նք պետք է փնտրենք այդ հանելուկի լուծման ճանապարհը: Ովքե՞ր և ինչու՞ են այդպիսի անտարբեր վերաբերմունք ցուցաբերում Լուսինեի ժառանգության հանդեպ, ինչու՞ են շահագրգռված կորստյան մատնելու Լուսինեի անցյալի լուսավոր փառքը հուշող վկայությունները, ո՞վքեր են թալանել երգչուհու զարդեղենը, հազվագյուտ ձայնագրություններն ու տեսագրությունները, որքանո՞վ է ապահովված դրանց հետագա ճակատագիրը, որ կդառնան ազգի սեփականությունը ու չեն անհայտանա...Ինչպես տեսնում ենք, տագնապը գնալով ավելի ուժգին է դառնում, հարկավոր է գործել, վաղն ուշ է լինելու: Այս մտքով պետք է քնել ու արթնանալ: Ժա՛մ առաջ պահանջենք ինքներս մեզանից՝ տեր կանգնել մեր մշակույթին, փայփայել ու պահել այն:

 

Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարվանից տարբեր նախաձեռնություններ ահազանգել և ստորագրահավաք են կազմակերպել` Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի բնակարանը փրկելու նպատակով: Բանն այն է, որ վերևի հարկերի բնակարաններից պարբերաբար ջուր է լցվել այստեղ:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее