▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացահայտվել է կառավարության հերթական սուտը

Ցանկացած նորմալ երկրում, որտեղ կառավարությունը բաղկացած է արժանապատվության նշույլներ պահպանած անձանցից, այսպիսի բացահայտումը պատճառ կհանդիսանար այդ կառավարության ինքնակամ հրաժարականի:
Ախր սա բացահայտում անվանելն էլ դժվար է, որովհետև գործ ունենք ՊԵԿ-ի «ՀՀ արտաքին առևտուրը երկիր-ապրանք կտրվածքով 2011-2012թթ.» պաշտոնական զեկույցի հետ: Այս փաստաթղթում նշվում է նաև այս ժամանակամիջոցում գազի սակագնի տատանումների մասին և ստացվում է, որ այս ողջ ընթացքում բոլոր այն իշխանավորները, որոնք պնդում էին, որ գազը չի թանկացել 2011 և 2012 թվականներին, նենգաբար ստում էին: Մեջբերում եմ.

«2011 թ.-ին Ռուսաստանից ներմուծվող գազի մաքսային արժեքը տարվա կտրվածքով կազմել է մոտ 198.5 ԱՄՆ դոլար` 1000 խորանարդ մետրի դիմաց, 2012թ.-ին կազմել է մոտ 232.4 ԱՄՆ դոլար` 1000 խմ-ի դիմաց և 260 ԱՄՆ դոլար՝ 2013թ հունվարից սեպտեմբեր ամիսներին»: Այսինքն, թեև 2011-ին ու 2012-ին մեր կառավարության ներկայացուցիչները պնդում էին, որ գազը չի թանկացել, գինը 189 դոլար/խմ է, սակայն իրականում նրա գինը շարունակ աճել է: 

2011-ին Ռուսաստանից ներմուծվել է մոտ 1.6 մլրդ խորանարդ մետր գազ, ինչը նշանակում է, որ այդ տարի մենք մոտ 16 մլն դոլարի պարտք ենք կուտակել: 2012-ի իրական և չհայտարարված գների տարբերությունը (232-189=43), բազմապատկելով այդ տարի ներմուծված գազի ծավալներին` 1.91 մլրդ խմ, ստանում ենք այդ տարի կուտակված պարտքը՝ մոտ 85 մլն դոլար: Նմանապես, այս տարվա միայն առաջին 9 ամիսների պարտքը անցնում է 100 մլն դոլարից: Եվ քանի որ թանկ գնով գազը դեռ շարունակելու ենք ձեռք բերել մինչև 2014-ի ապրիլ ամիսը, ընդհանուր պարտքը, իսկապես, կհասնի մոտ 300 մլն դոլարի: Հենց այդքան էլ հայտարարել էր ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը»:

Գիտե՞ք, պարոնայք իշխանավորներ, դուք միշտ չեք մնալու իշխանավոր, իսկ պետությունը 300 միլիոնով հարստահարելու, ու դա գաղտնի պահելու համար ոչ միայն ամոթանքով եք պրծնելու, այլև շատ կոնկրետ հոդվածներով: Արդարությունը, վաղ թե ուշ, կհաղթանակի և բոլորդ պատասխան կտաք:

 

Գեղամ Ասլամազյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее