▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանակի «հակահիգենիկ» վիճակը և Սեյրան Օհանյանի կլինիկան ու դղյակը

nrnak.com-ը,  գրելով, որ շուտով հանրությանն է ներկայացնելու  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և սոցապ նախկին նախարար Աշոտ Եսայանի «ջանքերով» կառուցվող կլինիկայի մասին պատմող ռեպորտաժ, հիշեցնում է, որ  պաշտպանության նախարարությունը հանրության առաջ մի քանի անգամ «խայտառակ» է եղել՝ անբարո ալան-թալանի բացահայտումների պատճառով (գոմեշի մսի դեպքը)։

Չդիմանալով լրատվամիջոցների «ռմբակոծումներին»՝ պաշտպանության նախարարությունը ստիպված եղավ պաշտոնանկ անել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանին, սակայն, մեկ ականազերծումով ոչինչ չփոխվեց։

Կայքի  հավաստի աղբյուրների հաղորդմամբ, զորամասերի հրամանատարները բազմիցս արտահայտել են իրենց դժգոհություններն ու բողոքը զորամասեր մատակարարվող վառելանյութի առթիվ։ Թղթաբանությամբ ստանում են այլ խտությամբ վառելիք, իսկ իրականությունն այլ է։ Վառելանյութի խտությունը կանգնեցնում է նրանց փաստի առաջ, երբ զորամաս են այցելում ՊՆ ստուգիչ հանձնաժողովները կամ ՀՀ նախագահին առընթեր ռազմական տեսչությունը։ Բնականաբար, հրամանատարները չեն կարողանում բարձրաձայնել, որ բենզինի պակասորդը խտության և որակի ցածր լինելուց է։ Այս նույն խնդրի առաջ է կանգնած նաև սննդամթերքի հարցը։ Մասնավորապես հրուշակեղենը ներմուծվում է խոնավ կապոցներով և զորամասի սննդի պահեստներում չորանալուց հետո՝ կշեռքի վրա այլ տվյալ է ցույց տալիս։ Հետաքրքրական է նաև բանակ մատակարարվող հավկիթների հարցը, ինչը ձեռք է բերվում Ուկրաինայից կասկածելի և անհայտ ժամկետներում։

Որտե՞ղ է ռազմական ոստիկանության զինվորական ունեցվածքի պահպանության բաժինը։ Ի՞նչ բացահայտումներ է իրականացրել։ Եթե մենք՝ հասարակ մահկանացուներս, այսքանը գիտենք, ապա ինչու՞ ՊՆ և ՌՈ աշխատակիցները իրենց «կաբինետներից» դուրս չեն գալիս։ Դժվար թե այս մասին չիմանա նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով գուցե զբաղված է իր՝ Ֆրանսիայում սեփական կլինիկայի կառուցման աշխատանքներով կամ էլ` Սևանի ափին հառնող դղյակով, որի գինը մասնագետները մոտ 15 մլն դոլար են գնահատել։

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее